Փետրվարի 21-ն իսկական տոն կդառնա հեռախոսային տեխնիկայի սիրահարների համար, քանզի հարավկորեական երկու հզոր Samsung և LG ընկերություններն այդ օրը MWC 2016 ցուցահանդեսին ներկայացնելու են իրենց՝ հաջորդ սերնդի առաջատար սմարթֆոններ Samsung Galaxy S7-ը և LG G5-ը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ընթացիկ զարգացումն անհնարին է դարձնում պատրաստման փուլում գտնվող նախագծերի գաղտնիությունը: Այդ պատճառով արդեն հայտնի են դարձել Galaxy S7-ի մասին որոշ մանրամասներ:
Հայտնի բլոգեր Էվան Բասսը (@evleaks) արդեն հրապարակել է Galaxy S7-ի ոչ պաշտոնական լուսանկարը, բայց նրան գերազանցեց Samsung-ի ինդոնեզական մասնաճյուղը՝ իր պաշտոնական YouTube ալիքում տեղադրելով տեսահոլովակ #TheNextGalaxy հեշթեգով՝ դեռևս չհրապարակված սմարթֆոնի գովազդով: Գովազդում ինդոնեզացի սպորտսմենուհի Դելլի Տրիսյադինդան մարզվում է՝ օգտվելով նոր սմարթֆոնից:
Նշենք, որ տեսահոլովակում չի նշվում նոր սմարթֆոնի անունը, չնայած կասկած չկա, որ դա կոր էկրանով Galaxy S7 edge-ն է: Նոր սմարթֆոնի դիզայնն այդքան էլ չի տարբերվում նախորդ՝ Galaxy S6 և S6 edge մոդելներից:
https://www.youtube.com/watch?v=EHaxUZPyomg
Մենք տեսնում ենք, որ սպորտսմենուհին առանց վախենալու օգտագործում է սմարթֆոնը անձրևի ժամանակ, ինչն էլ հաստատում է սմարթֆոնի ջրադիմացկունությունը: Galaxy S7 edge-ի վերալիցքավորման համար տեսահոլովակում օգտագործվում է անլար լիցքավորման սարք:
Աղբյուրը՝ The Verge