Խելացի ժամացույցների շուկան առաջ է անցել շվեյցարական ժամացույցների շուկայից

Ալպիական երկրի աշխարհահռչակ ժամագործներն, անցած տարվա վերջին եռամսյակի տվյալներով, զիջել են իրենց տեղը խելացի ժամացույցների (smartwatch) շուկային: Այս մասին հաղորդում է Strategy Analytics-ը: Apple-ը և Samsung-ը շուկայի գլխավոր խաղացողներն են: Գրեթե բոլոր ժամագործական ընկերությունները փորձում են անցում կատարել smartwatch-երի շուկա, բացառությամբ շվեյցարականների:

Strategy Analytics-ի հաղորդմամբ՝ անցած տարվա վերջին եռամսյակում ավելի քան 8.1 միլիոն օրինակ խելացի ժամացույց է վաճառվել ամբողջ աշխարհով մեկ, մինչդեռ շվեյցարական ժամացույցների վաճառքը կազմել է 7.9 միլիոն:

Այս շուկայում մեծ դեր ունի Fossil Group-ը, որն անցած տարի ձեռք է բերել Misfit ընկերությունը՝ մասնագիտացած հատուկ ֆիտնեսի համար նախատեսված ժամացույցների արտադրության ոլորտում: Fossil-ը հայտարարել է, որ 2016-ին պատրասվում է արտադրել ավելի քան 100 տարբեր արտադրանք: Մեկ այլ հայտնի ընկերություն` Fitbit-ը, շուտով կսկսի իր նոր` Blaze անվամբ բարակ սմարթ ժամացույցների վաճառքը:

Strategy Analytics-ի գործադիր տնօրեն Նեյլ Մեյսթոնն ասել է, որ շվեյցարական ժամացույցների շուկան չի կարող արագ արձագանքել խելացի ժամացույցների շուկայի զարգացմանը:

Աղբյուրը` Marketwatch