Դեմո օր. Helpie հարթակը կօգնի ավելի հեշտ օգտվել կայքերից ու ծրագրերից (հարցազրույց)

Փետրվարի 21-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը «Դեմո օր» միջոցառմամբ ամփոփեց իր աքսելերացիոն ծրագիրը` նախատեսված նորարար լուծումներ առաջարկող ստարտափերի համար: Միջոցառմանը ներկայացված էր նաև Helpie հարթակը, որը նպատակ ունի հեշտացնել կայքերից և ծրագրերից օգտվելը: Հարթակի մանրամասների մասին ittrend.am-ին պատմեց թիմի անդամ Տիգրան Աթայանը:

– Կպատմե՞ք մի փոքր ձեր գաղափարի և դրա նախապատմության մասին:

– Մենք ինքներս ունեինք այդ խնդիրը unGravity ընկերությունում։ Մեր հաճախորդները ծրագրերից օգտվելու խնդիրներ էին ունենում, ու մենք ամեն անգամ ահռելի ժամանակ էինք ծախսում նրանց բացատրելու վրա։ Մի անգամ ուղղակի քայլում էի Երևանի կենտրոնում, ու միտքը ծնվեց։ Քննարկեցինք, հասկացանք, որ պետքական բան է, դադարեցրինք պատվերներով զբաղվելը ու անցանք այս գաղափարի իրականացմանը։

– Քանի՞ հոգուց է բաղկացած թիմը և ի՞նչ մասնագետներից:

– 3 հոգով ենք, երկուսս ծրագրավորող ենք (Տիգրան Աթայան, Վահե Մադաթյան), երրորդը դիզայներ Ռաֆիկ Մարտիրոսյանն է։ Բոլորս էլ մեր գործով զբաղվում ենք արդեն վաղուց ու հասցրել ենք ստեղծել հետաքրքիր ու շատ մեծ ծավալի նախագծեր։

helpie-logo

– Ու՞մ համար է նախատեսված հարթակը: Ո՞րն է ձեր թիրախային շուկան:

– Հարթակը նախատեսված է հիմնականում ՏՏ ընկերությունների համար, որոնք ստեղծում են բարդ և մեծ հնարավորություններ տվող ծրագրեր։ Այդ ընկերությունները հնարավորություն կունենան կրճատելու իրենց՝ հաճախորդնորի հարցերին պատասխանելու ու սովորեցնելու հետ կապված ծախսերը, իրենց հաճախորդները շատ ավելի հեշտ կհարմարվեն իրենց ծրագրին և ցանկացած հարց ունենալու դեպքում կստանան անհապաղ օգնություն։

– Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում տվյալ ոլորտում: Ի դեմս Հայաստանի, տեսնու՞մ եք մի երկիր, որտեղ կարելի է զարգացնել ձեր գաղափարը:

– Ոլորտի հեռանկարները շատ մեծ են, բազմաթիվ նոր ծրագրեր են ստեղծվում անընդհատ, իսկ նոր ծրագրերը անհրաժեշտություն ունեն այսպիսի գործիքի։ Ցավոք, Հայաստանում մեր թիրախային շուկան շատ փոքր է։Untitled-3

– Ովքե՞ր են ձեր գործևըներները և հակառակորդները:

– Հակառակորդներից է WalkMe ընկերությունը, որն ընդհանուր առմամբ ստացել է 42.5 միլիոն դոլարի ներդրում, և այս ծրագրից են օգտվում ինդուստրիայի մի շարք խոշոր ընկերություններ (Amazon, Cisco, Adobe…), սակայն մեր և նրանց թիրախային շուկան նույնը չէ։ Մեր գործընկերներն են հայաստանյան մի շարք ընկերություններ, որոնց հետ նախնական պայմանավորվածություն ունենք արդեն։

Հարթակի աշխատանքի մասին պատկերացում կազմելու համար դիտեք տեսանյութը: