Wakie միջազգային նախագիծը, որը ստեղծվել է «Будист» ռուսական սոցիալական զարթուցչի հիման վրա, փոխել է իր կոնցեպցիան: Այժմ հավելվածը թույլ է տալիս կապ հաստատել խոսակցի հետ ամբողջ աշխարհով մեկ: Ընկերությունը հայտարարել է, որ 1 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում է ստացել Google, Netflix և այլ ընկերությունների կողմից: Այն նաև ընդգրկվել է Y Combinator-ում:
Հավելվածի նոր` թարմացված տարբերակն առաջարկում է ընտրել քննարկման թեման, որից հետո` յոթ վայրկյանների ընթացքում, այն կապ կհաստատի այլ օգտատիրոջ հետ, ով փորձ ունի ընտրված ոլորտում: Օրինակ՝ կարելի է ասել. «Ես ցանկանում եմ խոսել երեխա-ծնող հարաբերություններում առաջացած խնդիրների մասին կամ խորհուրդ հարցնել օտար քաղաքում որևէ հետաքրքիր վայր այցելելու մասին»:
Ծառայությունն աշխատում է 184 լեզվով: Նախագծի հիմնադիր Հրաչիկ Աջամյանի խոսքերով՝ հավելվածը կիրառում է ավտոմատ ուսուցման մեթոդը, որպեսզի իմանա յուրաքանչյուր օգտատիրոջ անձնական փորձը:
«Մարդկանց պետք է քննարկել ինչ-որ հարցեր այլ մարդկանց հետ: Մենք շատ անգամ որոնում ենք մեզ անհրաժեշտ ինֆորմացիան Google-ում: Սակայն, երբ գործը հասնում է զգացմունքներին, անձնական խնդիրներին կամ վիճելի հարցերին, ոչ մի որոնողական համակարգ այլևս ի զորու չէ մեզ օգնել: Նման դեպքերում մարդիկ ցանկանում են շփվել այլ մարդկանց հետ»,-ասել է Աջամյանը:
«Будист» սոցիալական զարթուցիչը հիմնվել է ՌԴ-ում 2011 թվականին: Այն միմյանց հետ էր ծանոթացնում անծանոթներին, որպեսզի նրանք օգնեին միմյանց արթնանալ առավոտյան: Հետագայում թիմը տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ հիմնվեց «Будист»-ի միջազգային տարբերակը` Wakie-ն:
Աղբյուրը` VC