Միքայել Յան. ստարտափ ունեցողն ամեն օր պետք է կա՛մ կոդ գրի, կա՛մ խոսի օգտատերերի հետ

2016 թ.-ի հունվարին 500 Startups աքսելերացիոն ծրագրում ընդգրկվեց նաև ManyChat բիզնես հարթակը, որը յուրօրինակ է իր տեսակի մեջ և ունի մեծ հեռանկարներ՝ դառնալու գործարարների և հաճախորդների միջև շփման ամենահարմարավետ միջոցը: Ստարտափի հեղինակն է ABBYY ընկերության հիմնադիր Դեյվիդ Յանի որդին՝ Միքայելը, ում հետ ittrend.am-ը զրուցեց՝ պարզելու արդյո՞ք հայրը միջամտել է նախագծի ստեղծման գործում և վերջապես, ի՞նչ է իրենից ներկայացնում ManyChat-ը, որն արդեն հասցրել է գրավել 500 Startups աքսելերացիոն ծրագրի ներդրողների ուշադրությունը:

— Պատմե՛ք, խնդրեմ, մի փոքր նախագծի մասին:

— ManyChat-ը մի հարթակ է, որը թույլ է տալիս գործարարներին շփվել հաճախորդների հետ հայտնի մեսենջերների օգնությամբ, լինի դա VKontakte.ru, Facebook Messenger, Telegram, թե WhatsApp: Շուտով կավելանա նաև Viber-ը: ManyChat-ը համախմբում է բոլոր մեսենջերները մեկ ինտերֆեյսում և թույլ է տալիս հաղորդակցվել միանգամից մեծ թվով հաճախորդների հետ՝ անկախ նրանից, թե ինչ մեսենջերից է այն ուղարկված: Հիմնական ֆունկցիան հանդիսանում է մեսենջերների միջոցով պատվերների ընդունումը:

MC_screenshot_1

— Ի՞նչ մասնագիտություն ունեք: Երկա՞ր եք աշխատում այս ոլորտում:

— Ես միաժամանակ ունեմ հումանիտար և տեխնիկական կրթություն: Ավարտել եմ ինֆորմացիոն տեխնոլոգիաների №1533 վարժարանը, այնուհետև Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը և ստացել հոգեբանի բակալավրի աստիճան: Այդ ժամանակ շատերը չէին հասկանում, թե ինչու եմ ես ընտրել հոգեբանության ֆակուլտետը, բայց բանից պարզվեց, որ դա լավագույն ընտրություններից մեկն էր: Բիզնեսը բաղկացած է հարաբերություններից, և մարդկային հոգեբանությունը հասկանալը շատ է օգնում գործընկերների, աշխատակիցների, հաճախորդների հետ աշխատանքի մեջ և ամենակարևորը՝ ինքդ քեզ հետ:

— Ինչպես հայտնի է, Ձեր հայրը ABBYY-ի հիմնադիրն է: Ինչպե՞ս է ազդում Ձեզ վրա այդ փաստը: Կասկածներ կա՞ն, որ ամեն ինչի ինքնուրույն եք հասել:

— Հայրս միշտ ինձ համար օրինակ է հանդիսացել: Ոչ ոք այնքան չի աշխատում, որքան նա: Եթե խոսենք դաստիարակության մասին, ապա նա այն մարդկանցից չէ, ովքեր երես են տալիս երեխաներին: Եթե ինչ-որ բան ուզում ես, դու ինքդ պետք է դա վաստակես: Ինձ թվում է, որ դա ճիշտ մոտեցում է: Նա միշտ օգնում է խորհուրդներով, ծանոթություններով, բայց նախագծերում նա ֆինանսապես դեռևս չի մասնակցել:

— Դուք արդեն ունե՞ք հաճախորդներ: Եթե ոչ, ապա ե՞րբ հնարավոր կլինի արդեն օգտվել հարթակից:

— Մենք այժմ գտնվում ենք վերջնական փորձարկման փուլում: Արդեն մի քանի տասնյակ ընկերություններ են գործում հարթակում: Արդեն գարնանը կլինի ամբողջական թողարկումը, և արդեն բոլորը կկարողանան օգտվել հարթակից:

— Բացի ManyChat-ից՝ աշխատու՞մ եք այլ նախագծերի վրա:

— Այժմ մենք մեր ամբողջ ջանքերը կենտրոնացրել ենք ManyChat-ի վրա: Բայց մինչ այդ ես ունեցել եմ նաև այլ նախագծեր: Իմ առաջին ստարտափը ժամանցային youcomedy.me սոցիալական ցանցն էր, իսկ երկրորդը՝ Baanan gif- մեսենջերը, որի միջոցով օգտատերերը կարող էին գիֆերով հաղորդակցվել: ManyChat-ի գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ մենք ստեղծեցինք բոտերի հարթակ Telegram-ում: Դա Manybot նախագիծն է, և այժմ այն ամենամեծ հարթակն է, մենք ղեկավարում ենք 100 հազար բոտ և ուղարկում ենք օրական 17 մլն հաղորդագրություն:

— Ինչպիսի՞ն եք տեսնում ManyChat-ի հեռանկարները: Կարծում եք Դուք հնարավորություն ունե՞ք դառնալու համաշխարհային հեղափոխական ՏՏ նախագծերից մեկի ստեղծողը:

— Մենք չենք կենտրոնացել մեր շանսերի վրա, մենք կենտրոնացել ենք արտադրանքի վրա: Մի բան վստահ կարող եմ ասել՝ մեսենջերների միջոցով հաղորդակցման շուկան շատ մեծ է լինելու:

— Ի՞նչ է պետք հաջողության հասնելու համար: Ի՞նչ կմաղթեք հայկական ստարտափներին:

-Ես չեմ կարծում, որ մենք արդեն հասել ենք հաջողության, այնպես որ այն, ինչ հիմա կասեմ, ընդամենն իմ սեփական կարծիքն է: Վերջին 4 տարիների ընթացքում մենք շատ դասեր ենք քաղել, և դրանցից մեկն այն էր, որ պետք է իրականության աչքերի մեջ նայել: Սատարտափերները շատ են երազում և մտածում հաճախորդի հնարավոր պահանջմունքների մասին: Սակայն իրականում, նստելու և մտածելու փոխարեն, պետք է գնալ և փորձել ինչ-որ բան ռեալ վաճառել: Ինչպես ասել է մի շատ խելացի անձնավորություն, ամեն օր դուք պետք է կա՛մ կոդ գրեք, կա՛մ խոսեք հաճախորդների հետ: Եթե դուք այսօր չեք արել ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ապա, ամենայն հավանականությամբ, Դուք վատնում եք Ձեր ժամանակը:

Զրուցեց Նուարդ Մինասյանը