Bios Incube սարքն առաջարկում է վերածել մահացած հարազատների աճյունը սիրելի ծառերի և երկրորդ կյանք հաղորդել նրանց:
Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղակայված թիմն առաջարկում է իրենց կողմից ստեղծված բիո սափորները: Այժմ սափորների մեջ ավելացվել են բույսերի աճը վերահսկող համակարգ, որը թույլ կտա վերածել վախճանվածի մոխիրը ծառերի հումուսի:
Ըստ ընկերության Kickstarter-յան էջի, պարզապես անհրաժեշտ է ընտրել Ձեր նախընտրած ծառատեսակի սերմը, դնել այն սափորի մեջ, ավելացնել պարարտանյութ և ջուր: Մահացած բարեկամի կամ ընկերոջ մոխիրը տեղադրվում է մեջտեղում, իսկ սափորի վերին մասում տեղադրվում է հատուկ սենսորը, որը կհետևի բույսի աճին:
Այս ամենից հետո Դուք կարող եք հետևել բույսի աճին Ձեր սմարթֆոնի վրա տեղադրված հատուկ հավելվածի միջոցով:
Սենսորը հետևում է հողի խոնավությանը, ջերմաստիճանին, ջերմահաղորդությանը և որքան արևի ճառագայթ է բույսը կլանում: Այդ ամենը հաշվելով՝ այն ավտոմատ կերպով ջրում է բույսը` սափորի ստորին հատվածում տեղադրված ջրի տարայից: Երբ բույսի սերմը տեղադրելուց հետո կանցնի 20 օր, հավելվածը կտեղեկացնի Ձեզ դրա մասին և Դուք հնարավորություն կունենաք տեղահանել այն և տնկել ցանկացած վայրում:
Այո, այս գաղափարը փոքր-ինչ արտասովոր է հնչում, սակայն այն լիովին այլ մոտեցում է ցուցաբերում մահվան և վերածննդի գաղափարին:
Աղբյուրը` TNW