Ուղեղների արտահոսքը մեծապես ազդում է ՏՀՏ ոլորտի վրա

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից անցկացված հարցմանը մասնակցած կազմակերպությունների ղեկավար օղակների ներկայացուցիչների գրեթե յոթանասուն տոկոսի (70%) կողմից որպես խնդրահարույց հարց ներկայացվել է բարձր որակավորում ունեցող աշխատուժ ներգրավելու խնդիրը: Հարցվածների 59 տոկոսը որպես հիմնական խոչընդոտ հանդիսացող գործոն է նշել բարձր որակավորում ունեցող մասնագետների պակասը, ինչը վկայում է այն մասին, որ բարձրակարգ հմտություններով և փորձառու տեխնիկական աշխատուժի նկատմամբ պահանջարկն աճում է: Իսկ նման պահանջարկն էլ իր հերթին, բնականաբար, հանգեցնում է տեխնիկական մասնագետների վարձատրության չափի աճին: Ավելին, ուսումնասիրության ենթարկված ընկերությունների 44.8%-ի համոզմամբ, այս իրավիճակի հիմնական պատճառը ուղեղների արտահոսքն է:

Հարցված ընկերությունների կողմից ներկայացված պատասխանների համաձայն՝ հարկային և մաքսային ընթացակարգերը նույնպես խոչընդոտում են ոլորտում ընկերությունների զարգացմանը (40.8% և 42.5% համապատասխանաբար): Հարկ է նշել, որ այսպիսի կազմակերպությունների 31%-ի տարեկան շրջանառությունը փոքր է 500,000 ԱՄՆ դոլարից: Ըստ հարցվածների՝ իրենց եկամուտների զգալի մասն ուղղվում է ԱԱՀ-ի և շահութահարկի վճարմանը: Ավելին` մաքսային դրույքաչափերը որոշվում են տեղական իշխանությունների կողմից:

Բացի դրանից՝ կազմակերպությունները շեշտել են, որ ֆինանսական ռեսուրսների դժվար հասանելիությունը, ինչպես նաև պետական և հասարակական կազմակերպությունների կողմից աջակցության պակասը խոչընդոտում են հայկական ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտի աճին։ Ուսումնասիրության շրջանակներում ներառված կազմակերպությունների՝ համապատասխանաբար հիսուներեք (53) և երեսունվեց (36) տոկոսը նշել են այսպիսի արգելքների առկայության մասին:

Հարցված կազմակերպությունների մոտ քսան տոկոսը (19.5%) ունի միջազգային շուկա մուտք գործելու հետ կապված խնդիրներ: Ինչպես նշել են հարցման մասնակիցները, այս խնդրի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ բազմաթիվ միջազգային գործընկերներ տեղյակ չեն Հայաստանի մասին կամ պարզապես չեն վստահում ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրի ներկայացուցչին: Հարկ է նշել, որ հարցված ընկերությունների մոտ վեց տոկոսի կողմից որպես պրոբլեմ նշվել է անհստակ հարկային օրենսդրությունը, մինչդեռ դրա մասին հարցազրույցը վարողները հարց չեն տվել: Հատկանշական է, որ 2015 թվականի ՏՀՏ հետազոտությանը մասնակցած ընկերություններից ընդամենը 1.1%-ն է նշել արտադրական կարողությունների ցածր մակարդակի հետ կապված խնդիրների մասին, իսկ գրեթե 13.79%-ը որպես բիզնեսի զարգացման խոչընդոտների շարքում նշել են շուկայի հագեցվածություն և պետության կողմից ոչ հավասար վերաբերմունքը: