Հայկական Movie Trip-ն այժմ հասանելի է նաև iOS-ում

Movie Trip-ը ճանապարհորդական հավելված է, որը ներառում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իրական` ֆիլմերում աչքի ընկած վայրերը: Այն թույլ է տալիս օգտագործողներին ավելի մոտ լինել իրենց սիրելի կինոնկարներին և դրանց հերոսներին: Մի քանի վայրկյանում կարելի է քարտեզի վրա հեշտորեն գտնել այն այգին, որտեղ իսպանական կիթառ էին լսում «Վիկի, Քրիստինա, Բարսելոնա» ֆիլմի հերոսները, կամ այն պիցերիան, ուր ժամանակ էր անցկացնում «Կեր, աղոթիր, սիրիր» ժապավենի հերոսուհին: Ամեն վայր ունի հասցե, քարտեզ, կադր ֆիլմից, տեսարանի նկարագրություն, մեջբերումներ և սոցցանցային գործիքներ, որոնք թույլ կտան օգտագործողին տեսնելու իրենց ընկերների ակտիվությունը հավելվածում:

MovieTrip 2

 

Movie Trip ընկերությունը տեղակայված է Գյումրիում և այն հաղթող է ճանաչվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից կազմակերպված Գյումրու համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում, որի անցկացմանն աջակցել են ՀՀ կառավարությունն ու Համաշխարհային բանկը։ Ստարտափը հիմնադրվել է Աշոտ Գասպարյանի, Մհեր Սարգսյանի ու Արտավազդ Եղիազարյանի կողմից:

Ժամանակին ittrend.am-ի հետ ունեցած հարցազրույցում ընկերության տնօրեն  Աշոտ Գասպարյանը ասել էր, որ շուտով սպասվում են MovieTrip-ի iOS և Android հավելվածները: Վերջերս թողարկվել էր նախագծի Android տարբերակը, իսկ ահա, այսօր` մարտի 25-ին, թողարկվեց նաև iOS տարբերակը:

Աշոտ Գասպարյանի հարցազրույցը ittrend.am կայքի հետ կարող եք կարդալ այստեղ: