Apple-ը պատրաստվում է թողարկել կոր էկրանով iPhone

KGI Securities-ի վերլուծաբան Մինգ Չի Կուոն (Ming-Chi Kuo), որը շատ հաճախ բավական հավաստի տեղեկություններ է հաղորդում Apple-ի արտադրանքի մասին, հայտարարել է, որ ընկերությունը պատրաստվում է կոր էկրանով iPhone թողարկել:

Վերլուծաբանի կարծիքով` Apple-ը նոր սարքի ստեղծման մեջ կկիրառի AMOLED տեխնոլոգիայով պատրաստված սենսորային էկրանները: Էկրանը ենթադրաբար կունենա 5.8 դյույմ անկյունագիծ: Սակայն եթե ընկերությունը չկարողանա կիրառել AMOLED էկրաններ, ապա, հավանաբար, կթողարկվեն LCD էկրանով 4.7 դյույմ և 5.5 դյույմ անկյունագծով տարբերակներ:

Հաղորդվում է նաև, որ սմարթֆոնի թե´ դիմային, և թե´ ետին մասերը կունենան կորություն: Հարկ է նշել, որ Apple-ն արդեն իսկ արտոնագրել է կոր էկրանով բջջային հեռախոսը:

Նոր iPhone-ը, հավանաբար, կունենա անլար սնուցման համակարգ, բացի այդ՝ խոսվում է նաև օգտատերի բիոմետրիկ նույնականացման տեխնոլոգիայի մասին` աչքի ցանցաթաղանթի սկանավորման շնորհիվ: Վերլուծաբանը նշել է նաև, որ սմարթֆոնի ստեղծման ընթացքում կկիրառվեն դեռևս չօգտագործված, նյութեր:

Սպասվում է, որ նման հեռախոս կթողարկվի 2017-ից ոչ շուտ, սակայն Apple-ը, բնականաբար, այս շշուկները չի մեկնաբանում:

Աղբյուրը` Fonearena