Հայկական PicsArt-ը 20 մլն դոլար է ստացել՝ Ասիայում ընդլայնվելու նպատակով

Հայկական PicsArt նկարների մշակման հավելվածը DCM Ventures և Siguler Guff & Company ներդրողների կողմից 20 մլն դոլարի ֆինանսավորում է ստացել՝ Չինաստանում և Ճապոնիայում ընդլայնվելու նպատակով:

PicsArt-ը դեռևս չի բացահայտել, թե քանի օգտատեր ունի Ասիայում, բայց գլխավոր մենեջեր Ուիլսոն Քրիեգելի խոսքով՝ այս տարածաշրջանում հավելվածն ունի հսկայական համայնք և օգտագործողների թվի զգալի աճ ողջ մայրցամաքում: Ընկերությունն ուզում է համալրել իր հավելվածը մի շարք նոր ֆունկցիաներ:

Չնայած, որ Ասիայում կան ֆոտոխմբագրման չափից դուրս շատ հավելվածներ, ինչպիսիք են Line Camera-ն կամ Camera360-ը՝ համալրված այլընտրանքային պրոֆեսիոնալ գործիքներով, PicsArt-ը հույս ունի գտնել իր ուրույն տեղն ասիական շուկայում. այն այս պահին ունի ամսական մոտ 75 միլիոն ակտիվ օգտագործող:

Նշենք, որ PicsArt-ը Forbes ամսագրի կողմից ճանաչվել է 2015-ի լավագույն ստարտափներից մեկը` տասնյակում զբաղեցնելով 5-րդ տեղը ու գնահատվելով 250 միլիոն դոլար: Հավելվածը ճանաչվել է նաև Google Play-ի 2015 թ.-ի լավագույն հավելվածներից մեկը ԱՄՆ-ում, Կանադայում ու Հնդկաստանում:

2015-ի հունիսին ֆոտոխմբագրող հավելվածը 15 մլն դոլարի ներդրում ստացավ Insight Venture Partners-ի կողմից, իսկ փետրվարին հավելվածում $10 մլն դոլարի չափով ներդրում կատարեց Sequoia Capital վենչուրային հիմնադրամը։

ittrend.am-ի հարցազրույցը ընկերության գործառնությունների գծով տնօրեն Արտավազդ Մեհրաբյանի հետ կարդացեք այստեղ: