Հայաստանում ներդրվել է պաշտոնական էլեկտրոնային փոստարկղի համակարգ

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն Հայաստանում գործարկել է e-citizen.am տիրույթում գործող պաշտոնական էլեկտրոնային փոստարկղի համակարգը, որը հանդիսանում է պաշտոնական միջոց հաղորդակցությունն ու ծանուցումներ ստանալու համար:

ՀՀ օրենսդրության համաձայն՝ անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է տվյալ համակարգում նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում, կամ կատարվել են էլեկտրոնային և փոստային ծանուցման՝ օրենքով սահմանված քայլերը:

Այսուհետ ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են ունենալ պաշտոնական էլեկտրոնային հասցե, որը շնորհվում է նույնականացման քարտի թողարկման պահից և համարվում է անվճար ծառայություն: Քաղաքացին նույնիսկ կարող է նաեւ ծանուցումը վերահասցեագրել ցանկացած այլ (մինչեւ 3)  էլեկտրոնային փոստի հասցեի կամ բջջային հեռախոսահամարի՝ կարճ հաղորդագրության (SMS) միջոցով: Յուրաքանչյուր էլեկտրոնային հասցեն բաղկացած է քաղաքացու հանրային ծառայությունների համարանիշից, ինչը հնարավորություն է տալիս նրան ուղարկել պաշտոնական ծանուցում, եթե նույնիսկ անհայտ է տվյալ անձի փաստացի բնակվելու հասցեն:

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները և ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք ևս ունեն պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե:

Պաշտոնական էլեկտրոնային փոստարկղում ստացված տեղեկությունները և ծանուցագրերը կարդալու համար օգտատերն իր նույնականացման քարտի միջոցով, որպես գրանցված օգտատեր, պետք է մուտք գործի www.e-citizen.am պորտալում տեղակայված իր անձնական պաշտոնական էլեկտրոնային փոստարկղ:

Պաշտոնական էլեկտրոնային փոստարկղի համակարգն էապես խնայում է ժամանակը և կրճատում ավանդական փոստային առաքումների համար կատարվող ծախսերը: