Քիչ առաջ Բյուրականում մեկնարկեց NASA Space Apps Challenge 2016 մրցույթը, որի մեկնարկից առաջ կազմակերպիչները հակիրճ ներկայացրին միջոռման գաղափարը և պայմանները: Մրցույթին մասնակցում են ինչպես արդեն իսկ ձևավորված , այնպես էլ տեղում ձևավորված թիմեր։
Միջոցառումը տևելու է մինչև 24 ժամ՝ մինչև ապրիլի 23-ի առավոտյան ժամը 12-ը: Space Apps-ն ամբողջ աշխարհով մեկ անցնում է արդեն հինգերորդ անգամ, իսկ Հայաստանում այն անցկացվում է առաջին անգամ։ Մրցույթի ընթացքում թիմերը պետք է ներկայացնեն իրենց գաղափարները հետևյալ թեմաներով.
- Տեխնոլոգիա,
- Օդագնացություն,
- Տիեզերական կայան,
- Արեգակնային համակարգ,
- Երկիր մոլորակ,
- Ճանապարհորդություն դեպի Մարս:
Գաղափարները պետք է լինեն ապագայում կիրառելի։ Մրցույթի պայմանն է, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով և հասանելի այլ մասնակիցների համար:
Առաջարկված գաղափարները հետագայում կներկայացվեն տեղական և միջազգային ժյուրիին՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով: Հաղթողը հայտնի կդառնա վաղը՝ միջոցառման ավարտին։ Հաղթողը կստանա մրցանակ՝ Samsung Galaxy S7 և Gear VR վիրտուալ իրականության ակնոցներ միջոցառման տեխնոլոգիական հովանավոր SoftLine Armenia ընկերության կողմից։
Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի հյուրընկալը և կազմակերպիչը X-Tech Creative Studios ընկերությունն է: Մրցույթի անցկացման ընթացքում մասնակիցների համար կկազմակերպվի էքսկուրսիա աստղադիտարանի տարածքում: