InConcept Labs. ովքեր են LiveBoard և «Մաշտոց» հավելվածների ստեղծողները (հարցազրույց)

Հայաստանում ՏՏ ոլորտը կայուն զարգացում է ապրում` ի դեմս բազմաթիվ հետաքրքիր և յուրահատուկ ծառայություններ առաջարկող սկսնակ ընկերությունների: Նման ընկերությունների շարքին է դասվում InConcept Labsը, որը հայտնի է իր LiveBoard և «Մաշտոց» հավելվածներով:

ittrend.am-ը հարցազրույց ունեցավ InConcept Labs-ի ծրագրերի կոորդինատոր Սիրուշ Խալաթյանի հետ` ընկերության արտադրանքին ծանոթանալու և այլ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար: 

Ընկերությունը գործում է 2014 թվականից: Մանրամասնեք, խնդրում եմ, թե ինչո՞վ է այն զբաղվում և ի՞նչ ծառայություններ է մատուցում:

— InConceptLabs-ը նորաստեղծ ՏՏ ընկերություն է, որը հիմնադրվել է 2014թ.-ի մայիսին մի խումբ խանդավառ և ծրագրավորման գիտակ երիտասարդների կողմից, ովքեր տեսլական ունեն նորարար տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով բարելավել մարդկանց կյանքը և մասնավորապես նպաստել կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Մենք աշխատում ենք ինչպես արտասահմանյան պատվերների վրա (հիմնականում Հյուսիսային Ամերիկայից), այնպես էլ փորձում ենք ստեղծել մեր սեփական արտադրանքը: Մշակում ենք մուլտի-հարթակային հեռախոսային և վեբ հավելվածներ, որոնք հիմնականում ունեն կրթական ուղղվածություն:

In concept team 1

Քանի՞ հոգուց է բաղկացած InConcept Labs-ի թիմը, և ովքե՞ր կարող են համալրել այդ շարքերը:

—  Մենք ունենք փոքրիկ, բայց եռանդուն, միասնական և պրոֆեսիոնալ թիմ: Այժմ 8 հոգի ենք թիմում և փնտրում ենք նոր տաղանդավոր անդամներ: Ցանկացած մարդ, ով հետաքրքրված է հավելվածների մշակմամբ, նորարար է և լավ թիմային խաղացող, կարող է դառնալ մեր հիասքանչ թիմի անդամ:

Ի՞նչ արտադրանք ունի ընկերությունն այսօր, ո՞ր ոլորտից են դրանք:

— Ներկայումս ունենք 2 հավելված, որոնք բացառապես մշակվել են մեր կողմից և ունեն կրթական նպատակներ:

Առաջինը LiveBoard հավելվածն է, որն առկա է Google Play Store-ում: Հավելվածը Ձեր պլանշետը կամ հեռախոսը վերածում է ինտերակտիվ գրատախտակի, որի միջոցով կարող եք նկարել, լուսանկարների վրա նշումներ կատարել, վիզուալ պատկերացնել ցանկացած գաղափար կամ խնդիր: Հավելվածի առանձնահատկությունն այն է, որ այն թույլ է տալիս կիսել Ձեր աշխատանքը իրական ժամանակում ընկերների հետ (համացանցի միջոցով կամ անգամ առանց համացանցի առկայության, եթե միևնույն տարածքում եք գտնվում), միաժամանակ փոփոխություններ կատարել, մանրամասներ քննարկել և մատնանշել:

Հետագայում մենք նախատեսում ենք նաև ստեղծել հատուկ գործիքներով վահանակներ յուրաքանչյուր առարկայի համար (ֆիզիկա, մաթեմատիկա, երկրաչափություն և այլն), որպեսզի հեշտացնենք խնդիրների, հավասարումների լուծումը, գրաֆների, երկրաչափական բարդ պատկերների պատրաստումը և այն:

Մեր հաջորդ կարևոր ձեռքբերումը «Մաշտոց» հավելվածի ստեղծումն է: Այն ստեղծվել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի օժանդակությամբ արևմտահայերեն լեզվի տարածման և հասանելի դարձնելու նպատակով: Մեր հավելվածն արդեն բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել Հայաստանի և Սփյուռքի օգտատերերի կողմից: Առկա է հավելվածի Android  և  iOS տարբերակները, շուտով հասանելի կդառնա նաև վեբ-կայքը:

«Մաշտոց»-ն անվճար հավելված է, որն օգնում է սովորել արևմտահայերեն՝ հարստացնելով Ձեր բառապաշարը և հուշելով քերականության հիմնական կանոնները, ինչպես նաև թույլ է տալիս հետաքրքիր խաղերի և վիկտորինաների միջոցով ստուգել և խորացնել հայոց պատմության, մշակույթի և գրականության մասին ունեցած գիտելիքները:

Հետագայում պլանավորում ենք թարմացնել ծրագիրը նոր և հետաքրքիր խաղերով, ստեղծել crowd sourcing սկզբունքով տվյալների բազան թարմացնելու համակարգ, որը թույլ կտա ծրագիրը բերել մի նոր մակարդակ՝ դարձնելով այն բազմապարփակ կրթական հարթակ/ծրագիր արևմտահայերեն, հետագայում նաև արևելահայերեն սովորելու համար:

 

Ի՞նչ հաջողություններ է գրանցել InConcept Labs-ը, որոնք կցանկանայիք առանձնացնել:

— Մեր մեծագույն ձեռքբերումները նախ և առաջ մեր ստեղծած հավելվածների հաջողություններն են: LiveBoard հավելվածի Անդրոիդ տարբերակն արդեն ունի շուրջ 20 հազար ներբեռնում և հարյուրավոր դրական արձագանքներ:

Մենք անընդհատ մեր օգտագործողների կողմից ստանում ենք նորանոր առաջարկներ և խնդրանքներ՝ հավելվածում նոր գործառույթներ ավելացնելու վերաբերյալ:

Իսկ Մաշտոց հավելվածը շատ կարճ ժամանակում արդեն ունի 10 հազարից ավել օգտատեր և մեծագույն աջակցություն օգտատերերից: Հաշվի առնելով օգտատերերի մեծ ակտիվությունը և ծրագրի նկատմամբ հաջողությունը՝ մենք արդեն բանակցում ենք Գյուլբենկյան հիմնադրամի հետ ծրագրի երկրորդ փուլը սկսելու ուղղությամբ:

Ձեր կայքը շատ կրեատիվ է և հետաքրքիր: Դա ձե՞ր աշխատանքն է:

— Կայքի ձևավորումը և մշակումը ամբողջովին մեր թիմի ստեղծագործական մտքի և աշխատանքի  արդյունքն է:

 

Ընկերությունը գործում է միայն Հայաստանում, թե՞ այլ երկրներում նույնպես և ի՞նչ պլաններ կան՝ կապված հետագա ընդլայնման հետ:

— Ընկերությունը հիմնադրվել է Հայաստանում և բացառապես հայկական է: Մենք թիմի անդամներ ունենք ԱՄՆ-ում և Մեքսիկայում, ովքեր օգնում են մեզ ճանաչելի դարձնել Հայաստանից դուրս: Այժմ նաև համագործակցում ենք ՀԱՀ-ի կրթության նախարարության հետ՝ կրթական ծրագրերի մշակման և իրագործման նպատակով:

Համագործակցում եք արդյո՞ք ՏՏ ոլորտի այլ ընկերությունների հետ, ի՞նչ միացյալ ծրագրեր կան արված:

— Ուրախությամբ հետևում ենք ՏՏ ոլորտի այլ ընկերությունների հաջողություններին, հաճախ կազմակերպում ենք գիտելիքների և փորձի փոխանակման ծրագրեր և հանդիպումներ: Դեռևս միացյալ պրոյեկտներ չունենք, սակայն չենք բացառում, եթե համագործակցության առաջարկ լինի:

 iphone 5-2

Կիսվեք Ձեր հետագա պլաններով, ի՞նչ նոր կրեատիվ գաղափարներ են շուտով իրականություն դառնալու:

— Մոտ ապագայում նախատեսում ենք ավարտել LiveBoard-ի iOS  և WEB տարբերակները: Նաև ունենք բազմաթիվ այլ հետաքրքիր նախագծերի մտքեր, որոնք պլանավորում ենք շուտով սկսել:

Զրուցեց Ալբերտ Աբրահամյանը