Մենք բոլորս շատ հաճախ կատարում ենք չնախատեսված գնումներ և «գերակատարում» ամսվա պլանը: Սակայն կան բազմաթիվ միջոցներ, որոնք օգնում են դասակարգել ծախսերը և կառավարել դրանք: Հայկական ստարտափներից մեկը ստեղծել է Penny հավելվածը, որը կօգնի ավելի խոհեմ ծախսել Ձեր գումարները: ittrend.am-ը զրուցեց Penny-ի հիմնադիր Հարություն Առաքելյանի հետ` պարզելու, թե ինչով է առանձնանում հավելվածը:
— 2015թ. աշնանը նախատեսվում էր ԱՄՆ—ում թողարկել Penny-ի բետա—տարբերակը: Թողարկումը կարծես թե հետաձգվեց, որո՞նք են պատճառները:
— Հավելվածի բետա-տարբերակը թողարկվեց նախատեսվածից մի փոքր ուշ` այս տարվա հունվար ամսվա 2-րդ կեսին։ Պատճառն ավելի շատ տեխնիկական էր, նպատակ ունեինք ստանալ ամբողջությամբ աշխատող նախնական տարբերակ և մաքսիմալ ապահովել համակարգի անվտանգությունը։ Դա նախատեսվածից շատ աշխատանք պահանջեց։
— Նախատեսո՞ւմ եք, այնուամենայնիվ, հավելվածը հասանելի դարձնել նաև հայաստանյան օգտագործողներին:
— Մեր ցանկություններից էր սկսել հենց Հայաստանից, սակայն կան տեխնիկական լուրջ խոչընդոտներ. առաջին հերթին ՀՀ բնակչության բավականին ցածր տոկոսն է առօրյա առևտուրը կատարում անկանխիկ` վճարային քարտերով, ինչը մեր հավելվածի համար անհրաժեշտություն է։ Երկրորդ հերթին մեր մոտ բանկային համակարգը դեռ բաց չէ նման այլընտրանքային բանկային լուծումների համար, ինչպիսին Penny-ն է:
— Վերջին մեկ տարվա ընթացքում ի՞նչ նոր հնարավորություններով է համալրվել հավելվածը:
— Գրեթե բոլոր ստարտափներն էլ հենց սկզբից հիմնվում են կոնկրետ գաղափար-հիպոթեզի վրա, և նրանց թիվ մեկ նպատակը հնարավորինս արագ ու առանց մեծ ռեսուրսների դա ապացուցելն է, այսինքն՝ պարզել իրականում գոյություն ունի՞ նման խնդիր և ինչքանով է իրենց առաջարկած պրոդուկտը լուծում այդ խնդիրը։ Նույնն էլ մեր դեպքում է, աշխատում ենք հավելվածը թողարկել այնպես, ինչպես նախագծել էինք` հնարավորինս պարզ ֆունկցիոնալությամբ և արտաքին տեսքով: Դա մեզ թույլ կտա բավականին արագ հասկանալ՝ արդյոք Penny-ն իրականացնում է իր հիմնական առաքելությունը` օգնել մարդկանց գումար խնայել։ Դա պարզելուց հետո արդեն հավելվածը կկարողանանք հարստացնել նոր հնարավորություններով` առաջին հերթին հաշվի առնելով օգտատիրոջ պահանջները։
— Բացի iOS-տարբերակից՝ Android-տարբերակ նախատեսվո՞ւմ է:
— Ըստ նախատեսվածի՝ արդեն ավարտին են հասցվում Android-տարբերակի աշխատանքները։ Մայիսի սկզբին արդեն կփորձարկենք Android-տարբերակն ԱՄՆ-ում։
— Բանկային տվյալների անվտանգության առումով որքանո՞վ է պաշտպանված Penny-ն:
— Penny-ի դեպքում անվտանգության տեսանկյունից նոր հեծանիվ չենք հայտնագործում: Օգտագործում ենք անվտանգության բոլոր այն տեխնիկաները և լուծումները, որոնցից օգտվում են բոլոր ֆինանսական հաստատությունները` տվյալները փոխանակվում և սերվերներում պահվում են ամբողջովին կոդավորված տեսքով, սերվերները ապահովված են բազմաշերտ պաշտպանությամբ, իսկ օգտատերերի բանկային ինֆորմացիան ապահով պահվում է համապատասխան սերտիֆիկացում անցած, ինդուստրիայում ամենահայտնի մեր գործընկերների մոտ։
— Բացի ամերիկյանից, այլ թիրախային շուկաների համար աշխատո՞ւմ եք:
— Ներկա պահին միայն կենտրոնացած ենք Միացյալ Նահանգների շուկայի վրա։ Այնտեղ հաջող մեկնարկից ու հաստատվելուց հետո հնարավորություն կունենանք համակարգը հասանելի դարձնել այլ երկրների համար։
— Քանի՞ հոգի է աշխատում հավելվածի մշակման վրա:
— Ներկայումս հավելվածի վրա աշխատում ենք երեք հիմնադիրներս։ Վերջերս մեզ է միացել նաև Android-տարբերակը մշակող 2 հոգանոց թիմը։
— Կա՞ն թիմի կողմից իրականացվող այլ նախագծեր:
— Ոչ, բոլորս կենտրոնացած ենք Penny-ն հնարավորինս արագ թողարկելու ուղղությամբ։
— Ի՞նչ խոչընդոտներ կան, որոնք խանգարում են թիմի աշխատանքին:
— Թիվ 1 «խոչընդոտը» ընտրած շուկայի հեռավորությունն է և բավականին բարձր մրցակցությունն այնտեղ։ Նման տիպի պրոդուկտ առաջ տանելու ու հաջողության հասնելու համար անհրաժեշտ է մշտական ներկայություն ունենալ ԱՄՆ-ում։ Ներկայումս այդ ուղղությամբ էլ աշխատում ենք, գրեթե ավարտում ենք ընկերության գրանցումը ԱՄՆ-ում և մոտ ապագայում մեր գրասենյակը կունենանք այնտեղ։
Նշենք, որ ստարտափը հաղթող է ճանաչվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից կազմակերպված Նորարարության զարգացման Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում: