Հայկական գիտատեխնոլոգիական ասպարեզում գրանցվել է ևս մեկ կարևոր հաղթանակ։ Վերջերս «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության Immersive Education Solutions ստարտափ նախագիծը, մասնակցելով Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի (AAAS) Tech-I Global Pitch Competition մրցույթի, անցել է կիսաեզրափակիչ փուլ։
Միջազգային այս մրցույթին մասնակցել են 135 պետությունների ավելի քան 1000 ստարտափեր և գաղափարներ։ Արդյունքում կիսաեզրափակիչ են ընտրվել միայն լավագույն 102 հայտերը, որոնց ցանկում է նաև ընկերության Immersive Education Solutions նախագիծը։ Հավելենք, որ այս ստարտափ նախագիծը միակն է ընտրված ողջ կովկասյան տարածաշրջանից։
Կիսաեզրափակչի մասնակիցներն ընտրվել են մի շարք չափորոշիչների հիման վրա, ինչպիսիք են ստարտափի կամ գաղափարի տեսանելիությունը, շուկայում մասնաբաժին ունենալու հնարավորությունը, ներկայացվող խնդրի կարևորությունը և այլն։ Իսկ այժմ 30 հաջողակներին ընտրելու են ոչ միայն մասնագիտացված հանձնաժողովը, այլև հանրությունը։
Մրցույթի կիսաեզրափակչի քվեարկությունը սկսել է ապրիլի 1-ին և արդեն 22 օր է ինչ ընթացքի մեջ է։ Այս ժամանակահատվածում Immersive Education Solutions հայկական նախագիծը կարողացել է գրավել միջազգային հանրության ուշադրությունը և ընդգրկվել է լավագույն 16 հայտերի ցանկում։ Քվեարկությունը շարունակվելու է ևս 8 օր, քվեարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով և քվեարկել Լևոն Արամյանի նախագծի օգտին՝ սրանով իսկ նպաստելով նաև Հայաստանի վարկանիշի բարձրացմանը միջազգային մրցույթի շրջանակում։
Immersive Education Solutions-ը պատրաստում է եռաչափ կրթական ֆիլմեր, որոնք հետագայում հնարավոր կլինի օգտագործել դպրոցական դասերին զուգահեռ: Ստարտափի գործունեության շուրջ զրուցեցինք Immersive Education Solutions նախագծի համակարգող Լևոն Արամյանի հետ:
— Որքա՞ն ժամանակ եք աշխատում կրթական ֆիլմեր ստեղծելու ուղղությամբ:
— Առաջին անգամ կինս և ես ներկայացրինք նախագիծը «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադիամի կողմից իրականացվող«Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբի» շրջանակում և ստացանք ակումբի անդամների և կազմակերպիչների հավանությունը, որից հետո սկսեցինք աշխատել առաջին ֆիլմի սցենարի ուղղությամբ։ Արդեն մոտ մեկ տարի է՝ աշխատում ենք կրթական ֆիլմերի պատրաստման ուղղությամբ, և վերջերս ֆիլմից մի քանի հատված ներկայացրինք «Կրթություն 21-րդ դար» էքսպոյի ընթացքում:
— Քանի՞ հոգուց է բաղկացած թիմը.
— Նախնական շրջանում նախագծի վրա աշխատում էինք միայն ես և կինս, իսկ այսօր մեր թիմը ներառում է հոգեբաններ, սցենարիստներ, անիմատորներ, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ աշխատում ենք կրթական ֆիլմերի պատրաստաման ուղղությամբ, նաև աշխատանքային խմբում ներառել ենք տարրական և միջնակարգ դպրոցների ֆունդամենտալ գիտությունների (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն և այլն) մասնագետների։
— Զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում ապագայում:
— Ժամանակակից աշխարհում նկատում ենք, որ խելացի սարքավորումերը, ինչպիսիք են հեռախոսները, պլանշետները, դյուրակիր համակարգիչները և այլն, փոխարինում են ավանդական կրթական համակարգին։ Immersive Education Solutions նախագիծը միտված է 360 աստիճան ֆիլմերի միջոցով աջակցել կրթական գործընթացներին։ Մասնավորապես, մեր կրթական ֆիլմերը կակտիվացնեն ուսուցանվողների տեսողական հիշողությունն ու կօգնեն ներկայացվող նյութն ավելի դյուրին ընկալել և հիշել: Այժմ պատրաստում ենք 360 աստիճան ֆիլմեր՝ սֆերիկ կինոսրահներում դիտելու համար, սակայն մոտ ապագայում արդեն դրանք կհարմարացնենք նաև վիրտուալ իրականության զանազան սարքերին։
— Ո՞րն է ձեր պրոդուկտի թիրախային լսարանը:
— Immersive Education Solutions նախագիծը կոչված է աջակցելու կրթական գործընթացներին, ուստի դրա թիրախային լսարանն են հանդիսանում դպրոցականները և կրթական հաստատությունները:
— Որքանո՞վ է արդյունավետ ուսուցման ձեր առաջարկած մեթոդը:
— Համարում ենք, որ ցանկացած արտադրանքի արդյունավետության ստուգման լավագույն տարբերակը դրա մասսայական ներկայացումն է։ Ուստի, անցյալ և այս տարվա ընթացքում կազմակերպել ենք մի քանի փորձարկում-ցուցադրություններ Վայոց Ձորում, Շիրակում, Երևանում և Արցախում: Բոլոր մասնակիցներն էլ՝ դասավանդողները, աշակերտները, ուսանողները, ծնողները տպավորված էին մեր ֆիլմերով և դրանց մատուցման ձևով: Վստահ ենք, որ այն նոր շունչ և հետաքրքրություն կհաղորդի կրթական գործընթացին: