Volt հայկական նոր հավելվածը կօգնի գտնել էլեկտրիկների, սանտեխնիկների և այլ մասնագետների

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից կազմակերպված վերջին հեքըթոնի ժամանակ հաղթող է ճանաչվել մի ստարտափ, որը թույլ է տալիս տարբեր մասնագետների գտնել, որոնց օգնությունն անհրաժեշտ է կենցաղային տարբեր հարցերում: Ընկերությունը թողարկել է արդեն իր Android-հավելվածը, ինչի առիթով ittrend.am-ը զրուցեց Volt ատարտափի հիմնադիր Դավիթ Խաչատրյանի հետ` պարզելու համար, թե ինչպես է գործում ու ինչ ծառայություններ է առաջարկում Volt:

– Ինչպե՞ս առաջացավ Volt-ի գաղափարը:

– Անկեղծ ասած՝ գաղափարն առաջացավ MIC-ի կողմից անցկացվող հեքըթոնի ժամանակ: Մենք նախագիծ ունեինք ՏՏ ոլորտի մասնագետների համար, որը պետք է օգներ նրանց ավելի արագորեն աշխատանք գտնել: Եվ գաղափարը ներկայացնելու ժամանակ ժյուրիի անդամներից մեկը ասաց, որ շատ անգամ կարիք է լինում տարատեսակ տնային աշխատանքների համար մասնագետ կանչել: Այդ ժամանակ մենք հասկացանք, որ այս տարբերակն ավելի հետաքրքիր և հեռանկարային տեսք կունենա, եթե այն ուղղված լինի ոչ թե ՏՏ ոլորտի աշխատողներին, որոնք հիմանականում կարողանում են իրենց համար աշխատանք գտնել, այլ այն մարդկանց` վարպետներին, ովքեր ավելի դժվարությամբ են իրենց համար աշխատանք գտնում:

Սկզբնական շրջանում պատրաստեցինք մի հավելված, որը նախատեսված էր մասնագետների համար և նրանք հնարավորություն ունեին իրենց սմարթֆոնի վրա ծանուցում ստանալ նոր պատվերի մասին, սակայն հետագայում հասկացանք, որ շատ մասնագետներ չեն օգտագործում սմարթֆոններ, այլ նախընտրում են դասական բջջային հեռախոսներ: Եվ որոշեցինք, որ կունենանք զանգերի կենտրոն, որը կզբաղվի հաճախորդ-մասնագետ կապի ապահովմամբ:

Որքա՞ն ժամանակ է, որ հավելվածը գոյություն ունի:

– Աշխատանքները վերջացրել ենք անցած շաբաթ, իսկ այսօր թողարկել ենք հավելվածը: Դեռևս գործում է հավելվածի բետա-տարբերակը: Այժմ փորձում ենք հասկանալ գաղափարի հաջողությունը, իսկ մյուս շաբաթվանից արդեն կսկսենք ավելի շատ ուշադրություն դարձնել մարքեթինգին:

– Ակտիվություն նկատո՞ւմ եք:

– Այո, ի ուրախություն մեզ արդեն կան բավականին զանգեր, և այժմ, նույնիսկ, մտածում ենք, նար աշխատատեղերի մասին` զանգերի կենտրոնում: Զանգերը հիմնականում կապված են տարատեսակ տնային աշխատանքների հետ` կաթսաները վերանորոգող մասնագետ, դայակներ և այլն:

Հավելվածը նախատեսված է միայն Հայաստանի համար, թե՞ ավելի լայն աշխարհագրություն ունի:

– Մենք նախատեսում ենք հավելվածի հետագա ընդլայնումը դեպի Վրաստան, Ռուսաստան, Իսրայել և այլն, սակայն այժմ առաջնայինը հայկական շուկայում ընդլայվելն ու կայանալն է:

Ի՞նչ հետագա պլաններ ունեք, ե՞րբ կթողարկվի հավելվածի iOS-տարբերակը:

Հավելվածի iOS-տարբերակը կթողարկենք շուտով: Իսկ ինչ վերաբերում է ապագա պլաններին, ապա նախատեսում ենք գործել նաև Հայաստանի այլ քաղաքներում` Գյումրիում և այլն: Կավելացվեն նաև նոր մասնագիտություններ, և ծառայությունների ցանկը կնդլայնվի:

Հավելված Android-տարբերակը ներբեռնելու համար անցեք հետևյալ հղումով: