Green ICT. երկրագունդը փրկելու ժամանակն է

Ապրիլի 30-ին Մերգելյան ակումբում տեղի ունեցավ Green Information and Communication Technologies (ICT) հանդիպումը, որի ընթացքում Green ICT թիմի ներկայացուցիչներ Հրաչյա Ասցատրյանը և Արամ Քոչարյանը ներկայացրին ՏՀՏ ոլորտում առկա էներգասպառման արդի խնդիրները, իրենց ընկերության տեսլականը այդ խնդրի շուրջ և խնդրի լուժման եղանակները:

ՏՀՏ ոլորտի զարգացման հետ մեկտեղ մեծանում է նաև էներգասպառման խնդիրը: Ինչպես նշեց Հրաչյա Ասցատրյանը, նախկինում ավելի փոքր արտադրողականություն ունեցող պրոցեսորները օգտագործում էին ավելի շատ էներգիա, սակայն վերջին 10 տարիների ընթացքում պրոցեսորները մի քանի տասնյակ անգամ ավելի հզոր են դարձել, սակայն դրանց կիրառած էներգիայի ծավալները աճել են ընդամենը տասն անգամ: Նա բերեց ոլորտի մի քանի խոշոր ընկերությունների օրինակներ և նշեց, որ, օրինակ, միայն Google-ի տվյալների պահպանման կենտրոնները ծախսում են ամբողջ աշխարհում առկա էլեկտրաէներգիայի 0.02 տոկոսը: Նա խոսեց նաև այլ օրինակների մասին և ավելացրեց, որ այսօր նման կենտրոնները միասին վատնում են ամբողջ աշխարհի էլեկտրաէներգիայի 4 տոկոսը: Ասատրյանը ներկայացրեց նաև իրենց կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները` վիճակագրական տվյալների միջոցով:

Հաջորդ խոսնակը` Արամ Քոչարյանը, խոսեց ժամանակից համակարգիչների էլեկտրաէներգիայի ծախսի մասին և մեջբերեց որոշ վերլուծական տվյալներ այն մասին, թե համակարգչի որ մասը որքան էներգիա է վատնում. ըստ այդմ պարզ դարձավ, որ ամենաշատ էներգատար մասերը համակարգչում հանդիսանում են հիշողության քարտերը և պրոցեսորները: «Այսօր ամբողջ աշխարհում էներգիայի վատնումն օպտիմալացնելու նպատակով կիրառվում են երեք հիմնական գործիքներ, դրանք են ՏՀՏ ոլորտի համար նոր չափողական համակարգի ստեղծումը, ծրագրային միջավայրի և նոր մեթոդների ստեղծումը, որոնք կօպտիմալացնեն էներգիայի առկա ծախսերը և այսպես կոչված կանաչ քաղաքականության (Green Policy) մշակումը»,-նշեց խոսնակը:

Green ICT-ի անդամները տեղեկացրին նաև, որ վերջերս շահել են Եվրամիության կողմից ֆինանանսավորվող Erasmus Plus ծրագրի կրթաթոշակ, որի արդյունքում հնարավորություն են ստացել անցկացնել դասընթացներ, վերապատրաստումներ iRiT-ում և նույնիսկ մասնակից ուղարկել այնտեղ` մեկ տարով ուսանելու և գիտահետազոտական աշխատանք իրականացնելու համար: