Երևանում կայացավ CodeFights-ի ապրիլյան մարաթոնը

Ապրիլի 30-ին The Loft ակումբում տեղի ունեցավ CodeFights-ի ապրիլյան մարաթոնը: Սա իր ձևի մեջ առաջին նման մարաթոնն էր, որն անցկացվում էր CodeFights-ի կողմից: Մարաթոնին մասնակցում էին ավելի քան 970 մասնակից ամբողջ աշխարհից և մոտավորապես 60 մասնակից Երևանից: Այն տևեց ուղիղ մեկ ժամ և մեկնարկեց տեղի ժամանակով ժամը 20:00-ին:

Ինչպես նշեց CodeFigths-ի համահիմնադիր Տիգրան Սլոյանը ittrend.am-ի հետ զրույցում, մարաթոնը յուրահատուկ էր նրանով, որ հիմնադրման օրվանից հետո առաջին անգամ CodeFights-ի ամբողջ թիմը, որը սփռված է աշխարհի երեք տարբեր տեղերում` Սան Ֆրանցիսկոյում, Սանկտ Պետերբուրգում և Երևանում, հավաքվել էին մեկ վայրում: The Loft ակումբը լի էր մասնակիցներով, տիրում էր շատ ընկերական և միևնույն ժամանակ մրցակցային մթնոլորտ: Մարաթոնի հաղթողներին սպասվում էին նվերներ:

Առաջին տեղը գրավեց Ալբերտ Գևորգյանը, ով CodeFights թիմի կողմից ստացավ x-bee 3.1 դրոն, երկրորդ և երրորդ տեղերը գրաված Գրիգոր Գևորգյանը և Կարեն Համբարձումյանը որպես պարգև ստացան գրքեր, իսկ 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան CodeFights-ի վերնաշապիկներ:

ittrend.am-ի հարցազրույցը CodeFights-ի համահիմնադիր Տիգրան Սլոյանի հետ կարող եք կարդալ այստեղ: