Սեպտեմբերին Սիներջին մասնաճյուղ կբացի Գյումրիում

Սիներջի Արցախի մասնաճյուղի թիմը

Սիներջիի Արցախի մասնաճյուղը հիմնադրվել է 2012թ. և բաղկացած է եղել ընդհամենը 5 աշխատակիցներից, իսկ այսօր նրանց թիվը հասնում է 30-ի: Այդ 5 աշխատակիցներն ի սկզբանե ընտրվել էին որպես որակի ապահովման պատասխանատուներ, իսկ այսօր թիմում աշխատում են նաև ջավա, տվյալների բազայի ծրագրավորողներ և վերջերս նաև վեբ դիզայներներ:

Սիներջի ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի խոսքով՝ նախատեսվում է աշխատակիցների թիվը ժամանակի ընթացքում ավելի մեծացնել: Այս սեպտեմբերին մասնաճյուղ կբացվի նաև Գյումրիում: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրին ընկերությունից:

«Սիներջի Արցախի ծրագրավորողների թիմն այսօր ի վիճակի է լուծել այնպիսի խնդիրներ, որոնք իրականացվում են Երևանի գրասենյակի աշխատակիցների կողմից: Եթե փորձեմ իրենց ներկայացնել երեք բառով, ապա դրանք կլինեն՝ չափազանց նվիրված, չափազանց աշխատասեր և շատ ճկուն: Սրանք այն հատկանիշներն են, որոնք կարևոր են ծրագրավորման ոլորտում հաջողություններ ունենալու համար: Մեր Արցախի թիմի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ 4 տարվա ընթացքում այնքան են աճել, որ այսօր կարող են ինքնուրույն իրականացնել իրենց առօրյա առաջադրանքները և նույնիսկ զարգացնել նորեկներին»,- նշում է Երևանի գրասենյակի ավագ ծրագրավորող, Արցախի թիմի ծրագրավորման բաժնի ղեկավար Հարություն Հարությունյանը:

«Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» (Սիներջի) ընկերությունը հիմնվել է 1997թ. ԱՄՆ Վիրջինիա նահանգում և գործունեություն է ծավալում Կենտրոնական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Արեւելքի և Աֆրիկայի մի շարք երկրներում: Սիներջիի հայաստանյան մասնաճյուղը գործում է 1999 թվականից: Ընկերության հենց այս մասնաճյուղում են մշակվում և աշխարհի շուրջ 60 երկրի պատվիրատուներին տրամադրվում Սիներջիի մեծ պահանջարկ ունեցող ծրագրային փաթեթները։