«Ես այսպես եմ տեսնում ճարտարագիտությունը» դպրոցական մրցույթին ներկայացվել է 134 պաստառ

Հայաստանի 132 դպրոցներ մասնակցել են «Ես այսպես եմ տեսնում ճարտարագիտությունը» դպրոցականների մրցույթին և պատրաստել են «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով պաստառներ:

Մրցույթին մասնակցել են Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 132 դպրոցների 8-9-րդ դասարանի աշակերտներ, աշակերտական խմբեր, դասարաններ, ովքեր  պատրաստել են A2 ֆորմատի պաստառներ (420×594)` նվիրված ինժեներական մասնագիտացումներում նորագույն տեխնոլոգիաների օգտագործմանը:

Աշակերտների պատրաստած պաստառները ներկայացնելու համար Երևանում անցկացվելու է ցուցահանդես-մրցանակաբաշխություն, որի ընթացքում 1-ին, 2-րդ, 3-րդ անվանակարգերում հաղթող ճանաչված և լավագույն աշխատանքներ ներկայացրած դպրոցները պարգևատրվելու են հատուկ մրցանակներով, իսկ մյուս դպրոցներին մասնակցության համար կտրվեն խրախուսական մրցանակներ:

Լավագույնը ճանաչված պաստառները տեղ կգտնեն մրցույթի արդյունքում տպագրված 2017թ. օրացույցներում, որոնք կտրամադրվեն ՀՀ բոլոր դպրոցներին:

Ներկայացված պաստառներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/schoolcompetition/ :

Մրցույթի նպատակն է միջին և ավագ դպրոցների աշակերտների մոտ զարգացնել ինժեներական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը և խորացնել գիտելիք­ները: Մրցույթի իրականացման նախաձեռնությունը «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությանն է՝ Ձեռնարկութ­յունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ: