Դիջիթեք բիզնես ֆորումի ընթացքում կքննարկվի Մաքուր տեխնոլոգիաների տարածաշրջանային հարթակ ստեղծելը

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 9-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 17-ին և 18-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում:

Երկօրյա բիզնես ֆորումի ընթացքում կլինեն մասնագիտական քննարկումներ ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման շուրջ, այդ թվում՝  ռազմարդյունաբերության, նոր սերնդի բանկային համակարգի, էլեկտրոնային կառավարման, կիբեր անվտանգության վերաբերյալ և այլն։

ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում կքննարկվեն նաև Մաքուր տեխնոլոգիաների (Քլինթեք) տարածաշրջանային հարթակ ստեղծելու մանրամասները: Այս առիթով Հայաստան կժամանեն Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի կառավարության ու գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կենտրոնների  ներկայացուցիչները: Ֆորումի մասնակիցները կքննարկեն Մաքուր տեխնոլոգիաների տարածաշրջանային հարթակ ստեղծելու հնարավորությունները:  Հարկ է նշել, որ Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների զարգացման ծրագիրը վերջին երկու տարիներին իրականացվել է ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից:

ԴիջիԹեք բիզնես ֆորումի ամբողջական օրակարգն՝ այստեղ:

B2B (Business to business) ձևաչափի այս ֆորումի հիմնական մասնակիցները կլինեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջատար ընկերությունների ղեկավարներ, ՏՀՏ պատասխանատուներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՏՀՏ լուծումներ առաջարկող ընկերություններ, խորհրդատվական ընկերություններ և այլն:

Նշենք, որ ԴիջիԹեք բիզնես ֆորումն անց է կացվում 2008 թ-ից: Երկօրյա բիզնես ֆորումն ավանդաբար իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից: