Բացվեց ստարտափներին աջակցող EPIC-ը կենտրոնը

Հունիսի 3-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ «AUA Entrepreneurship & Innovation Conference» խորագրով կոնֆերանսը, որով ազդարարվեց Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (Entrepreneurship and Product Innovation Center) բացումը:

Կենտրոնը տեղակայված է ՀԱՀ-ի 4-րդ և 5-րդ հարկերում: Այն ունի աշխատելու համար նախատեսված հարմարավետ տարածքներ, մի շարք նորարարական սարքավորումներ, 3D տպիչներ և այլն:

 

«EPIC-ը հնարավորություն կտա երիտասարդներին զարգացնել իրենց գաղափարները, իսկ այսօրվա երիտասարդությունը բավականին ակտիվ է: Որքան շատ լինեն նման կենտրոնները, այնքան ավելի կմեծանան հնարավորությունները ՏՏ ոլորտի նորամուտների համար». – նշեց ANEL լաբորատորիաների կոորդինատոր Ամալյա Մխիթարյանը:

 

 

EPIC-ը կհյուրընկալի բազմաթիվ մասնագետների թե´ Հայաստանից, և թե´ արտերկրից, որոնք կաջակցեն կենտրոնի անդամներին իրենց փորձի փոխանակմամբ և խորհրդատվությյամբ:

«Այս նախաձեռնությունը շատ գովելի է, քանի որ նման կենտրոնների կարիքը շատ մեծ է Հայաստանում: Կարևոր է, որ ուսանողներն իրենց ուսումնառության տարիներին արդեն կարողանան շփվել այն տեխնոլոգիական լուծումների հետ, որոնք հետագայում դառնալու են նրանց աշխատանքի մի մասը: Հնարավոր է որ EPIC-ի ներսում մենք կունենանք Arloopa Lab, որտեղ մեր ռեսուրսներով կփորձենք EPIC-ի սաներին որոշ պրակտիկ գիտելիքներ փոխանցել, կիսվել փորձառությամբ և մենթորություն անել»,- նշեց Arloopa-ի և X-TECH-ի համահիմնադիր Արման Աթոյանը:

EPIC-ն աջակցելու է ոչ միայն ՀԱՀ ուսանողներին, այլ բոլոր ցանկացողներին, ովքեր նորարար գաղափարներ ունեն: Կենտրոնը հնարավորություն ունի տրամադրելու որոշակի ֆինանասական աջակցություն և  խորհրդատվություն` կապված ստարտափների ձևակերպման իրավաբանական հարցերի, դրանց ճիշտ կառավարման և այլնի հետ: EPIC-ում կկազմակերպվեն նաև տարբեր կրթական միջոցառումներ, հանդիպումներ:

«EPIC-ը կօգնի իրականություն դարձնել գաղափարները, ծանոթանալ նոր մարդկանց և փոխանակվել սեփական փորձով: Synergy-ն բավական ժամանակ է` ակտիվորեն համագործակցում է ՀԱՀ-ի հետ, ինչը կշարունակվի նաև նորաբաց կենտրոնի ծրագրերի շրջանակում», – ittrend.am-ի հետ զրույցում նշեց Synergy ընկերության ղեկավար Դավիթ Քոչարովը:  

EPIC-ը կգործարկի նաև աքսելերացիոն ծրագիր, ինչպես նաև ինկուբատորի դեր կկատարի մի շարք խոստումնալից ստարտափերի համար:

«Կարծում եմ` EPIC-ը կդառնա կամուրջ տաղանդավոր մարդկանց և ՏՏ ոլորտի միջև: Այս կենտրոնը մեծ ներդրում կունենա հայկական ՏՏ ոլորտի զարգացման հարցում: Այժմ բանակցում ենք EPIC-ի հետ համագործակցության ծրագրեր մշակելու շուրջ և նույնիսկ մտածում ենք այստեղ աշխատանքային տարածք ունենալու մասին», – նշեց WiCastr-ի գործադիր տնօրեն Արմին Սաիդին: