Facebook-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը անձնական էջեր ունի նաև այլ սոցիալական ցանցերում: Ինչպես հաղորդում է Venture Beat լրատվական կայքը, անցած հանգստյան օրերին OurMine Team անունը կրող հաքերների խումբը հայտարարել է, որ նրանք կոտրել են Ցուկերբերգի Twitter-ի և Pinterest-ի անձնական էջերը և մուտք գործել նաև նրա Instagram-ի էջը:
Հաքերները հայտարարել են, որ նրանք կարողացել են անել այս ամենը մի քանի շաբաթ առաջ LinkedIn սոցիալական ցանցի հետ տեղի ունեցած դեպքերի շնորհիվ, երբ բացահայտվել էր, որ համացանցում են հայտնվել այդ ցանցի միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալները:
Շատ օգտատերեր օգտագործում են միևնույն գաղտնաբառը տարբեր ինտերնետային աղբյուրներից օգտվելիս, և Ցուկերբերգը, ինչպես պարզվում է, բացառություն չէ:
Ինչ վերաբերում է Ցուկերբերգի Google+ և Facebook-յան էջերին, ապա դրանք չեն կոտրվել: Սա լավ հիշեցում է այն մասին, որ եթե գրանցված եք LinkedIn-ում, ապա իսկական ժամանակն է փոխել դրա գաղտնաբառը` նման դեպքերից խուսափելու համար: