Կոլբա Լաբի կազմակերպած մրցույթին դիմելու վերջնաժամկետը հունիս 15-ն է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կոլբա Լաբը կազմակերպում է առողջապահության ոլորտում նորարար գաղափարների մրցույթ, որին կարող են մասնակցել առողջապահության ոլորտում նորարար լուծումներ առաջարկողները, ինչպես նաև նրանք, ովքեր չունեն որևէ նորարար գաղափար, բայց ցանկանում են մասնակցել ճամբարին և իրենց մասնագիտական օգնությունը տրամադրել մասնակիցներին:

Կոլբա Լաբի հաղորդակցության գծով պատասխանատու Հասմիկ Սողոմոնյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ մրցույթին կարող են մասնակցության հայտ ներկայացնել բոլորը` առանց որևէ սահմանափակման:

«Մրցույթին կարող են մասնակցել թե´ անհատներ, թե´ թիմեր, ինչպես նաև կազմակերպություններ: Տարիքային սահմանափակումը վերաբերում է միայն գաղափարներ ներկայացնողներին, քանի որ մրցույթում հաղթելու դեպքում նրանց հետ կնքվելու է աշխատանքային պայմանագիր, այդ իսկ պատճառով ցանկալի է, որ նրանք լինեն չափահաս, սակայն գաղափար չներկայացրած մասնակիցների դեպքում որևէ տարիքային սահամանափակում չկա», – նշեց Հասմիկ Սողոմոնյանը:

Kolba Lab 1

 

Նշենք, որ անհատապես հայտ ներկայացրած մասնակիցները ճամբարի ընթացքում հնարավորություն կունենան թիմ կազմել ճամբարի այլ մասնակիցների հետ:

«Ճամբարի օրակարգը հետևյալն է, այն մեկնարկում է հուլիսի 8-ին` ուրբաթ օրը, և դա լինելու է մասնակիցների ծանոթացման օր, իսկ երեկոյան նրանք ներկայացնելու են գաղափարները` նշելով, թե իրենք ինչ մասնագետի կարիք ունեն: Բոլոր հետաքրքրված մասնակիցները կարող են միանալ այն թիմին կամ անհատին, որի գաղափարը նրանց դուր կգա: Ճամբարի երկրորդ օրը ձևավորված թիմերն աշխատելու են իրենց գաղափարի նախնական տարբերակի ստեղծման և փորձարկման վրա, իսկ կիրակի օրը` հուլիսի 10-ին, նրանք ներկայացնելու են իրենց աշխատանքը ժյուրիին, որն էլ ընտրելու է այդ գաղափարներից լավագույն 2-ը», – ասաց Հասմիկ Սողոմոնյանը:

Գաղափարների ներկայացման վերջնաժամկետը հունիս 15-ն է, որից հետո բոլոր հայտերը քննվելու են միջազգային ժյուրիի կողմից և ճամբարին մասնակցելու համար ընտրվելու են միայն 5 լավագույնները:

Հասմիկ Սողոմոնյանը նշեց, որ ճամբարի ընթացքում կանցկացվի «Ինչպես ճիշտ ներկայացնել գաղափարը ժյուրիին» թեմայով դասընթաց: «Փորձը ցույց է տալիս, որ լինում են շատ լավ գաղափարներ, սակայն դրանք ոչ ճիշտ ներկայացնելու արդյունքում չեն հաջողում», – հավելեց Հասմիկ Սողոմոնյանը:

Երկու հաղթող գաղափարները ստանալու են Կոլբա Լաբից ֆինանսական աջակցություն ու ինկուբացիոն շրջան անցնելու հնարավորության: Վերջինս ենթադրում է Կոլբա Լաբի փորձագետների կողմից խորհրդատվություն և ստարտափ հիմնելու ու զարգացնելու հմտությունների ուսուցում: Նշենք, որ մրցույթն իրականացվում է Նորարար առաջընթաց ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: