Էրիկ Բարեթ. Հայաստանում երիտասարդները շատ մոտիվացված են ու տաղանդավոր

Էրիկ Բարեթ

Սմարթֆոնը` Samsung Galaxy Alpha
Սիրելի բջջային հավելվածը` քարտեզային հավելվածներ, որոնցով հնարավոր է քարտեզներ ստեղծել
Սիրելի սոցիալական ցանցը` Diaspora

Ինչո՞ւ Հայաստանում սկսել ՏՏ բիզնես և ո՞րն է հայկական ստարտափների առաձնահատկությունը: Այս և այլ թեմաների մասին itTrend.am-ը զրուցել է JumpStart Georgia-ի գործադիր տնօրեն Էրիկ Բարեթի հետ, ով ԱՄՆ-ից 2005-ին տեղափոխվել է Վրաստան: JumpStart-ը Վրաստանում իրականացրել է մի շարք ծրագրեր, այդ թվում` հաջողությամբ կատարել երկրի բոլոր փողոցների թվային քարտեզագրումը:

– Ինչո՞վ է հայաստանյան ՏՏ ոլորտը գրավիչ ստարտափների համար:

– Հայաստանում երիտասարդները շատ մոտիվացված են և տաղանդավոր, բացի այդ` այստեղ հնարավորություն կա սկսել որևէ լոկալ պրոյեկտ և դարձնել այն համաշխարհային: Մյուս յուրահատկությունն այն է, որ հայկական ստարտափերը չեն ստեղծում որևէ հասարակ և հեշտ բան, այլ իրականացնում են բավականին հետաքրքիր և բարդ պրոյեկտներ:

– Ի՞նչ տարբերություններ կան հայկական և վրացական ստարտափերի միջև:

– Հայաստանը ՏՏ ոլորտում ներդրումային տեսանկյունից շատ ավելի առաջ է Վրաստանից: Վրաստանում ՏՏ ոլորտն ու ստարտափները բավականին երիտասարդ են, իսկ պետական աջակցությունն առայժմ բավական փոքր է: Սակայն Վրաստանը փոխվում է, այսօր այնտեղ գործում են տեխնոլոգիական տարբեր կենտրոններ, և առաջընթացն ակնհայտ է: Իհարկե, ամեն ինչ կախված է մարդկային ռեսուրսներից և պոտենցիալից, սակայն պետք է նշեմ, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն նմանություններ` սահմանափակ բնական ռեսուրսներ, մտածելակերպն ու մշակույթը ևս մի փոքր նման են: Ես այս երկրների զարգացումը տեսնում եմ լավ կրթության և նորարարության մեջ:

– Ո՞րն է, ըստ Ձեզ, ստարտափների հաջողության բանալին:

– Իմ կարծիքով` հաջողության է տանում ստեղծած պրոդուկտն անընդհատ թեստավորելը: Դուք պետք է անընդհատ ստուգեք Ձեր ստեղծածը` այն վերամշակելու, ավելի լավը դարձնելու և նորարական մոտեցումներ առաջ բերելու համար: Ստարտափները պետք է միշտ պատրաստ լինեն իրենց ստեղծածի մեջ ինչ-որ բան փոփոխել, որպեսզի այն դառնա հաջող պրոդուկտ: