Earlyone ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Հայաստանը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ հունիսի 25-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կազմակերպեց Seedstars միջազգային մրցույթի երևանյան փուլը։

Միջոցառման ընթացքում 50 հայտադիմումներից ընտրված 12 ստարտափերը ներկայացրեցին իրենց արտադրանքը միջազգային և տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։ Ժյուրի անդամները ներկայացված պրոդուկտները գնահատեցին մի քանի չափանիշներով՝ թիմ, առկա վիճակը, կիրառելիությունը ավելի մեծ շուկայում, ստեղծած արժեքը և այլն։ Ժյուրիի քննարկումից հետո հայտարարվեցին հաղթող թիմերի անունները։

Հայաստանը Շվեյցարիայում կայանալիք միջազգային մրցույթին կներկայացնի Earlyone թիմը, որի ստեղծած պրոդուկտն ուղղված է հաճախորդների սպասարկման բարելավմանը։ Ներկայումս այն արդեն սպասարկում է հազարավոր հաճախորդների Հայաստանի տարբեր ընկերություններում։ Միջազգային մրցույթում ստարտափը հնարավորություն կունենա իր պրոդուկտը ներկայացնել հնարավոր ներդրողների, գործընկերների դատին և մրցել 500,000 ԱՄՆ դոլար արժողությամբ մրցանակի համար։

Հայաստանյան փուլի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Bazillion beings և Qlim ստարտափերը։ «Ստարտափերի էկոհամակարգը Հայաստանում մեծ զարգացում է ապրում, և տարեց տարի ավելի կայացած թիմեր են մասնակցում մրցույթին։ Մրցակցությունը մեծ է, և ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով բազմաթիվ չափանիշներ։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը մշտապես աշխատում է թիմերի հետ՝ զինելով նրանց այնպիսի հմտություններով, որոնք անհրաժեշտ են հնարավոր ներդրողներին ներկայանալի դառնալու և շուկայում պահանջարկ ունեցող պրոդուկտ մշակելու համար», – նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։