Gugas հայկական ստարտափը թույլ կտա տաքսի պատվիրել Messenger-ի միջոցով

Գործարկվել է հայկական Gugas հավելվածը, որը թույլ կտա առցանց տաքսի պատվիրել, ինչպես նաև մասնակցել քարփուլինգի: Հավելվածի հեղինակներն են Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներ Հայկազ Բագրատյանը, Կառլեն Մանասերյանը և Ալբերտ Համբարձումյանը:

Այսօր երեկոյան թիմը գործարկելու է messenger bot-ը, որը թույլ կտա տաքսի պատվիրել` Ֆեյսբուք սոցցանցի չաթով հաղորդագրություն ուղարկելով: ittrend.am-ի հետ զրույցում համահիմնադիր Հայկազ Բագրատյանն ասաց, որ բոտը գիտի անգլերեն և հայերեն, սակայն պատրաստվում է սեղմ ժամկետում սովորել պարսկերեն ու ռուսերեն:

Թիմը պատրաստվում է նաև մեկ ամսից տաքսի պատվիրելու հնարավորություն ընձեռել նաև կայքում` gugas.am-ում: «Մինչև սեպտեմբեր պատրաստվում ենք ակտիվացնել հետևյալ հիմնական գործառույթները՝ տաքսի շեյրինգ, օնլայն վճարում: Կան մի քանի այլ մտքեր, որոնց իրականացումը կախված է դրանց առկայության պահանջարկից: Իհարկե, պատրաստվում ենք առավել զարգացնել գործող գործառույթները, օրինակ` Messenger bot-ը»,-ասաց համահիմնադիրը:

Հետագայում Gugas-ը թույլ է տալու նաև մի քանի օգտագործողների օգտվել նույն տաքսիից (տաքսի շեյրինգ): Առայժմ հավելվածը հնարավորութուն է տալիս կիսել ճանապարհածախսը միայն պլանավորված ուղիների սեգմենտում (քարփուլինգ):

Հայկազ Բագրատյանի խոսքով ստարտափը չի պլանավորում շահույթ ունենալ մոտակա մի քանի ամսվա ընթացքում ու չի գանձի որևէ գումար` կատարված տաքսու պատվերներից: Հետագայում մեկ ընդունած պատվերի դիմաց միջնորդավճարը կլինի 100 դրամ: Ի դեպ, քարփուլի համար միջնորդավճար երբեք չի գործելու: