345 երիտասարդ Շիրակի մարզից և 285՝ Լոռու մարզից ծրագրավորման դասընթաց են անցել

2015թ. hուլիսից մինչև 2016թ. hուլիսը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) Լոռու և Շիրակի մարզերում իրականացրեց ծրագրավորման, մուլտիմեդիայի, համակարգչային ճարտարագիտության և գործարար անգլերենի դասընթացներ՝ ուղղված մարզերում տեխնոլոգիական ոլորտի մտածելակերպի ձևավորմանը, ինովացիոն մշակույթի զարգացմանը, ինչպես նաև երիտասարդներին դեպի տեխնոլոգիական ոլորտ ուղղորդմանը։

Ողջ կրթական գործընթացը հիմնված էր գործնական ուսուցման վրա։ Դասընթացների արդյունքում 345 երիտասարդ Շիրակի մարզից և 285՝ Լոռու մարզից ձեռք բերեցին ծրագրավորման ոլորտի գործնական գիտելիքներ, ինչպես նաև լավագույն առաջադիմություն ունեցողները հնարավորություն ունեցան պրակտիկա անցնելու Գյումրիում և Վանաձորում գործող ՏՏ ընկերություններում: Ուսումնական ծրագիրը կազմված էր Հայաստանում առկա թափուր աշխատատեղերի և մասնագետների պահանջարկի հիման վրա, իսկ դասախոսները ոլորտի ընկերությունների գործող մասնագետներ էին:

Կրթական ծրագիրն արդեն իսկ գրանցել է իր հաջողությունները, մասնավորապես որակյալ մասնագետների առկայությունը Վանաձոր ու Գյումրի են ներգրավել Երևանում գործող մի շարք ընկերությունների: Ծրագրի ավարտին Գյումրիում իրենց մասնաճյուղերն են հիմնել Սիներջի Ինթընեշընլ Սիսթըմզ և ՎՕԼՕ ընկերությունները, իսկ Վանաձորում մասնաճյուղերի հիմնմանն ընդառաջ նեղ մասնագիտական դասընթացներ են սկսել ԱՅԹԻ Մարկետինգ և ԷՅԴԻՍԻ ընկերությունները։

ՀՀ երկրորդ և երրորդ քաղաքներում անվճար դասընթացների ավարտը կազդարարվի ավարտական աշխատանքների ներկայացման և վկայականների հանձման արարողություններով։ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ուսանողներից լավագույնները ներկայացնելու են քաղաքների կրթական, մշակութային, հասարարական և այլ կազմակերպությունների համար տեխնոլոգիական լուծումներ: Վկայականների հանձնման արարողությունը կկայանա հուլիսի 16-ին Գյումրիում և հուլիսի 23-ին՝ Վանաձորում:

Դասընթացները կազմակերպվել են Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում՝ Հայ օգնության ֆոնդի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի և Եռաչափ մոդելավորման ուսումնական կենտրոնի հետ համատեղ: