Օրերս անցկացված inno4health նորարար գաղափարների մրցույթում հաղթող էր ճանաչվել Սաթենիկ Գրիգորյանի թիմը, որը ներկայացրել էր պայմանական PanDoc անունով հավելվածը: Այն կօգնի քաղաքացիներին պարզ հարցերին պատասխանելու միջոցով պարզել իրենց առողջական խնդրի հավանական պատճառը և գտնել համապատասխան մասնագետ: Մրցույթի ընթացքում թիմին տեղում միացել է 9 նոր մասնակից, ովքեր 2 օր շարունակ միասին աշխատել են ներկայացված գաղափարի շուրջ:
ittrend.am-ի հետ զրույցում թիմի ղեկավար և Doctors.am կայքի տնօրեն Սաթենիկ Գրիգորյանն ասաց, որ բջջային հավելվածը հնարավորություն կտա օգտատերերին հաղորդագրություն ուղարկել բժիշկներին և խորհրդատվություն ստանալ: «Հավելվածում օգտագործվելու է Doctors.am կայքում գրանցված բժիշկների բազան: Հավելվածը կունենա երկու առանձին տարբերակ` նախատեսված օգտատերերի և բժիշկների համար: Վերջիններս հավելվածը տեղադրելիս կլրացնեն պարտադիր դաշտերը և հաստատումից հետո կկարողանան օգտվել հավելվածից, իրական ժամանակում ծանուցումներ ստանալ նոր հաղորդագրությունների մասին և այլն»,- հավելվածի մասին պատմեց Սաթենիկը:
Ինչ վերաբերում է պացիենտների խնդիրը հասկանալուն և նրանց ուղղորդելուն, ապա համակարգը բժշկական ուղեցույցներում ներառված հարցաշարի միջոցով կպարզի խնդիրն ու կօգնի համապատասխան մասնագետ գտնել: «Հնարավորինս արդյունավետ ու ճշգրիտ աշխատելու համար կհամագործակցենք մասնագետների հետ` հարցաշարերը կազմելիս»,-ասաց գաղափարի հեղինակը:
Սաթենիկի խոսքով` հավելվածը պատրաստ կլինի 6 ամսվա ընթացքում, իսկ հետագայում հավելվածում կավելացվեն մի շարք նոր հնարավորություններ, այդ թվում`դեղամիջոցների ընդունման հիշեցումների համակարգ, կալորիականության հաշվիչ, առաջին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ տեղեկատվական նյութեր, հղիության շրջանին վերաբերող խորհուրդներ և այլն: