Գյումրեցի 121 դպրոցականներ ներկայումս իրենց ամառային հանգիստը համատեղում են ծրագրավորման դասընթացների հետ՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (GTC) կողմից իրականացվող «Տեխնո ամառային դպրոցի» շրջանակում: Դասընթացները մեկնարկել են հուլիսի 27-ին և տևելու են մինչև սեպտեմբերի 1-ը:
Դպրոցի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել նորարարական տեխնոլոգիաներին, ծրագրավորման գործիքներին, զարգացնել նրանց մոտ տրամաբանական և ալգորիթմային մտածողությունը, ամառային արձակուրդները դարձնել հետաքրքիր ու արդյունավետ:
«Ընդհանուր հաշվով ունենք 121 մասնակից, այդ թվում դպրոցական հանրապետական օլիմպիադայի հաղթողներ, ոսկե մեդալակիրներ: C++, Java և Python-ի դասընթացները նախատեսված են ավագ դպրոցի աշակերտների համար, իսկ Ms Office, Inet և Kodu դասընթացները՝ 8-15-ների համար: Ծրագրի վերջում երեխաները կունենան բավարար գիտելիքներ ու հմտություններ ՏՏ ոլորտում իրենց դրսևորելու համար»,-նշում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրեր մենեջեր Մարիամ Նահապետյանը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից հիմնված ինովացիոն գրեթե բոլոր կենտրոններում, այդ թվում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կոնտրոնում, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում, Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում, նախաձեռնվել են ամառային դպրոցներ աշակերտների համար: Նմանատիպ դասընթացների շնորհիվ աշակերտների մոտ առաջանում է հետարքրություն դեպի տեղեկատվական տեխնոլոգիաները. չէ որ հենց երիտասարդներն են ամենավառ ու համարաձակ մտքերի ու գաղափարների, իսկ հետագայում նաև տեխնո ծրագրերի ապագա հեղինակները: