Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԻՏՁՄ) ավագ դպրոցի աշակերտների համար հայտարարում է ընդունելություն «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) մասնագիտությամբ:
Ուսման տևողությունը չորս տարի է։ Առաջին տարին ներառում է հանրակրթական ավագ դպրոցի X-XII դասարանների ուսումնական ծրագիրը։ Հաջորդ երեք տարիներին ուսանողները կստանան մասնագիտական կրթություն` «Համակարգերի Տեսություն» մասնագիտության բակալավրիատի ծրագրին համապատասխան։
Ուսանողները կստանան ՀՀ հանրակրթության միջնակարգ ընդհանուր կրթության վկայական և «Համակարգերի տեսություն» մասնագիտական որակակավորում։
Մասնագիտական առարկաների դասավանդումը իրականացվում է ՏՀՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից։
Ուսումնառությունը հնարավորություններ է ընձեռում․
- Ստանալ մասնագիտական կրթություն բարձր տեխնոլոգիական ոլորտում և դրան զուգահեռ զարգացնել ստեղծագործական եւ ձեռնարկատիրական հմտություններ:
- 19 տարեկանից մուտք գործել աշխատաշուկա` որպես մասնագետ, ով արդեն ունի կատարած նախագծեր և փորձ: Ուսումնառության 30%-ը ուսանողներն կանցկացնեն Հայաստանի առաջատար ՏՀՏ ընկերություններում:
- Ուսումնառության ավարտին ստանալ աշխատանքի առաջարկ ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում, որոնք առաջադրել և հովանավորել են իրական նախագծերը։
Ուսման ընթացքում ՏՀՏ և կիրառական մաթեմատիկայի գիտելիքներից բացի ուսանողները նաև՝
- կճանաչեն սեփական երկրի պատմությունը, աշխարհագրությունը, ժողովրդագրությունը, մշակույթը և առանձնահատկությունները,
- կուսումնասիրեն համաշխարհային պատմություն, մշակույթ, արվեստ,
- ձեռք կբերեն ցուցահանդեսներ, մրցույթներ, բեմադրություններ կազմակերպելու և ստեղծելու համար բավարար ունակություններ, գիտելիք և փորձ,
- կընտրեն մոտակա 2-10 տարիների նպատակները, նախագծերը և սեփական դերն ու խնդիրները այդ նախագծերի իրականացման մեջ,
- կտիրապետեն արդի ձեռնարկության աշխատանքի և ձեռնարկատիրության սկզբունքներին,
- կունենան ձեռքբերումներ, մշակումներ և հրապարակումներ ընտրած նախագծերի շրջանակում և ընտրած մասնագիտացման մեջ,
- կտիրապետեն ինքնապաշտպանության, արդի զենքի մշակման, սպասարկման և օգտագործման հմտություններին, մարտավարությանը, ռազմավարությանը, բանակավարությանը, առաջին բուժօգնությանը։
Ուսումնական ծրագիրն իրականացվում է ԻՏՁՄ-ի և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ:
Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը: Ուսուցումը սկսվում է սեպտեմբերի 1-ից։ Առաջին տարվա ուսուցումը կանցկացվի Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում:
Մանրամասների համար զանգահարել 060 464700 #1034, 055 409809 հեռախոսահամարներով: