Facebook-ը խաղային հարթակ է ստեղծում

Աշխարհի ամենամեծ սոցցանցը մուտք է գործում համակարգչային խաղերի ոլորտ: Սոցցանցի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են, որ ընկերությունը մշակում է խաղերի սեփական հարթակը: Այս հարցում սոցցանցը համագործակցում է խաղերի ստեղծման համար նախատեսված Unity հարթակի հեղինակների հետ: Սոցցանցի կողմից մշակվող պրոդուկտը հասանելի կլինի ոչ միայն Windows, այլև այլ օպերացիոն համակարգերի համար: Հարթակը թույլ կտա խաղեր խաղալ` առանց կտրվելու սոցցանցի լրահոսից ու չաթից:

Facebook-ը հայտարարել էր նման նախաձեռնության մասին դեռ 2016-ի մայիսին: Այն ժամանակ հարթակը կոչվում էր Facebook Games Arcade: Unity-ն 2D և 3D խաղեր ստեղծելու ամենահայտնի հարթակն է, որն օգտագործում են և՛ հայտնի ընկերությունները (Blizzard, EA, Ubisoft), և՛ սկսնակ մշակողները:

Սոցցանցի ներկայացուցիչների խոսքով` ներկա պահին Facebook-ի խաղային լսարանը կազմում է 650 միլիոն մարդ: Միայն 2015թ. հարթակի խաղեր մշակողներին սոցցանցը վճարել է 2,5 միլիարդ դոլար:

Աղբյուրը` TechCrunch