Հոկտեմբերի 1-ին Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը կանցկացնեն «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ, որի մասնակից թիմերը 12 ժամվա ընթացքում կմշակեն հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետև կներկայացվեն մասնագետների և մենթորների դատին։
«Հեքըթոն» մրցույթում հաղթող կճանաչվի երկու թիմ, որոնք կստանան մրցանակներ` համապատասխանաբար 1000 և 500 դոլարին համարժեք գումարի չափով:
Սեպտեմբերի 16-ին և 17-ին մրցույթին մասնակցել ցանկացողների համար կանցկացվեն տեղեկատվական հանդիպումներ, որտեղ կներկայացվեն հեռահաղորդակցության այն հիմնական ուղղությունները, որոնց վերաբերյալ թիմերը պետք է առաջարկեն լուծումներ։ Մրցույթի ընթացքում մենթորները նաև կանցկացնեն տարբեր տեխնոլոգիաների վերաբերյալ վարպետության դասեր, իսկ հայաստանյան կայացած ստարտափերի հիմնադիրները կներկայացնեն իրենց հաջողության պատմությունը։