WhatsApp մեսենջերը, որը պատկանում է Facebook սոցցանցին, կկիսվի վերջինիս հետ իր օգտատերերի հեռախոսահամարներով: Այս մասին հայտարարել են մեսենջերի ներկայացուցիչները:
Երբ 2014-ին Facebook-ը գնեց WhatsApp-ը 19 միլիարդ դոլարով, մեսենջերի հիմնադիր Յան Կումը հայտարարեց, որ ծրագիրը երբեք չի հավաքել ու պահպանել իր օգտագործողների տվյալները և չի պատրաստվում փոխել քաղաքականությունը:
Իսկ հիմա Կումը դարձել է Facebook-ի տնօրենների խորհրդի անդամ և օգնում է տվյալներ հավաքել, որոնք կօգնեն գովազդի թիրախավորման հարցում:
WhatsApp-ի բլոգում նշվում է, որ հավելվածի օգտագործման թարմացված պայմանները ընդունելու դեպքում վերոնշյալ տվյալները փոխանցվելու են Facebook-ին, սակայն եթե Դուք նման ցանկություն չունեք, կարող եք համապատասխան դաշտում հանել անձնական տվյալների փոխանցման մասին նշանը:
Անձնական տվյալների փոխանցումը կարելի է արգելել նաև հետևյալ եղանակով. մուտք գործեք մեսենջերի կարգավորումներ, այնուհետև հաշիվ ու «Ինֆորմացիա փոխանցել օգտահաշվի մասին» բաժնում կատարեք անհրաժեշտ փոփոխությունները:
Աղբյուրը` The New York Times