Ի՞նչ կներկայացնի Apple-ը սեպտեմբերի 7-ին

Apple ընկերությունը պաշտոնապես հայտարարել է իր ամենամյա միջոցառման անցկացման օրը. այն կկայանա սեպտեմբերի 7-ին` Civic Auditorium դահլիճում, որը գտնվոuմ է Սան Ֆրանցիսկոյի կենտրոնում: Նոր սարքերի անոնսը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Վերջին 4 iPhone-ներն Apple-ը ներկայացրել է սեպտեմբերին, և այս տարի ևս ընկերությունը դժվար թե խախտի ավանդույթը: Սպասվում է, որ նոր մոդելի սմարթֆոնը հնարավոր կլինի պատվիրել սեպտեմբերի 9-ից, իսկ խանութներում կհայտնվի 16-ից:

Նոր սերնդի iPhone-ը կթողարկվի երկու տարբերակով` 4,7 դյույմանոց էկրանով iPhone 7-ն ու 5.5″ էկրանով 7 Plus-ը: Որպես պրոցեսոր կծառայի A10-ը, իսկ ներքին հիշողությունը կկազմի նվազագույնը 32 ԳԲ: Ինչ վերաբերում է դիզայնին, ապա այն այնքան էլ չի փոխվի` 6S/6S Plus-ի հետ համեմատած:

Հիմնական նորամուծությունը կդառնա ականջակալների համար նախատեսված 3,5 մմ-անոց անցքի բացակայությունը: Դրա շնորհիվ նոր iPhone-ները կդառնան ավելի ջրակայուն, ավելի բարակ ու թեթև, սակայն օգտագործողները ստիպված կլինեն գնել Bluetooth-ականջակալներ: Բացի այդ` սմարթֆոնի հիմնական տեսախցիկը կունենա երկու ոսպնյակ, որոնք կապահովեն լուսանկարի էլ ավելի բարձր որակ:

Սպասվում է նաև, որ Apple-ը կներկայացնի իր խելացի ժամացույցի երկրորդ սերունդը, հիշեցնենք, որ առաջինը ներկայացվել է մեկուկես տարի առաջ: Apple Watch 2-ը, հավանաբար, կունենա GPS-տեղաշարժման մոդուլ, ֆիտնեսային նոր ֆունկցիաներ, ջրակայուն կաղապար:

Հնարավոր է, որ սեպտեմբերի 7-ին ներկայացվի նաև MacBook Pro նոութբուքի նոր սերունդը, որը համալրված կլինի նոր AMD գրաֆիկական չիպով, Touch ID մատնահետքի սկաներով, USB Type-C պորտով և կլինի ավելի բարակ: