6 խորհուրդ` սմարթֆոնային կախվածությունը հաղթահարելու համար

Սմարթֆոնների վրա մենք ծախսում ենք մեր ժամանակի մեծ մասը` վաղ առավոտից մինչև ուշ գիշեր: Մինչդեռ այդ ժամանակը կարող էինք անցկացնել ընտանիքի, ընկերների հետ: Կասպերսկու լաբորատորիան վերջերս ուսումնասիրություն էր կատարել, որին մասնակցել էին 19-56 տարեկան կամավորներ: Վերջիններիս «զրկել» էին սմարթֆոնից մեկ օրով, արդյունքում պարզվել էր, որ նրանց մեկ օրում նրանց արտադրողականությունն աշխատավայրում աճել էր 25 տոկոսով:

Հաճախ խնդիրն այն է, որ մենք չենք գիտակցում, որ լուրջ կախվածություն ունենք սմարթֆոնից, որ տագնապում ենք առանց հեռախոսի մնալու մտքից:

Ի՞նչ անել. այսօր կներկայացնենք Google-ի աշխատակիցներից մեկի առաջարկած մեթոդները` կախվածությունից դուրս գալու համար: Ի դեպ, այս աշխատակիցը զբաղվում է օգտատերերի վարքային խնդիրների ուսումնասիրմամբ:

1. Ժամանակակից մարդու առօրյան սկսվում է սուրճի՞ց կամ լոգարանի՞ց: Չկա այդպիսի բան.  առավոտը սկսվում է հեռախոսից: Որովհետև հենց այն է ձեզ արթնացնում: Զարթուցիչն անջատում ենք ու սկսում` Facebook, Instagram, Twitter: Արագ շտապում ենք լրացնել քնելու կարճ ժամերին բաց թողած նորությունները:

Ինչպես լուծել խնդիրը. գնեք սովորական զարթուցիչ-ժամացույց: Իսկ հեռախոսը հեռու դրեք մահճակալից:

2. Սովորեցրեք ինքներդ ձեզ օգտվել հեռախոսի հիմնական ֆունկցիաներից` առանց էկրանն unlock անելու: Օրինակ` ժամը դիտեք գլխավոր էկրանին, իսկ հիմնական կարգավորումներին կարելի է անցում կատարել ծանուցումների համակարգից (Android-ում` վերևից ներքև սահեցնելով պանելը, իսկ iOS-ում` ներքևից վերև տեսախցիկի կոճակը):

Այդպես կարող եք խուսափել այլ հավելվածներով «կարճ» շրջելու վտանգից:

3. Փոփոխեք սմարթֆոնի գլխավոր էկրանը. այստեղ կարելի է թողնել տեսախցիկի, օրացույցի, նշումների, տաքսի պատվիրելու և, իհարկե, զանգեր կատարելու կոճակները, այլ հավելվածները, հատկապես խաղերն ու սոցցանցերը տեղափոխեք ընդհանուր մենյու:

4. Գայթակղիչ հավելվածները տեղափոխեք պանակների մեջ, և iPhone-ը, և Android-հեռախոսներն ունեն այս հնարավորությունը: Օրինակ`Google ընկերությունում, որտեղ աշխատակիցների համար սնունդն անվճար է, սկզբնական շրջանում բոլոր քաղցրեղենները դրված էին հասանելի ու բաց, ինչպես այլ մթերքները: Աշխատակիցներին գիրությունից փրկելու համար որոշում կայացվեց դրանք տեղավորել անթափանց տարաների մեջ, ինչը շատ արագ ազդեցություն ունեցավ և նվազեցրեց օգտագործվող աղանդերի քանակը:

5. Ծանուցումների քանակը հասցրեք նվազագույնի. այլապես հեռախոսը կխանգարի ձեզ շատ հաճախ` սկսած խաղերից մինչև տարատեսակ հավելվածների ծանուցումներ ուղարկելով:

Սա վերաբերում է նաև սոցցանցերից ծանուցումներ ստանալուն: Մի ծանրաբեռնեք ձեզ ու մի վախեցեք, որ կարևոր բան բաց կթողնեք: Նախ քսան տարի առաջ մարդիկ գոհ ու երջանիկ ապրում էին առանց սմարթֆոնի ու չէին դժգոհում, երկրորդ` եթե դուք ինչ-որ մեկին իսկապես շատ պետք լինեք, նա ձեզ կգտնի:

6. Կարգավորեք ծանուցումներն այնպես, որ դրանք տարբերվեն ձայնային ազդանշանով, զգուշացնող լույսի գույնով, վիբրացիայի տևողությամբ և այլն: Օրինակ` եթե Ֆեյսբուքի ծանուցումներ ստանալիս հեռախոսի ինդիկատորը կապույտ դառնա, դուք հեռվից էլ կիմանաք, որ ծանուցումը վերաբերում է Ֆեյսբուքին, իսկ կարմիր լույս տեսնելով` կհասկանաք, որ զանգ եք բաց թողել: Սա կօգնի ամեն առիթով ձեռքը չվերցնել հեռախոսն ու նորից տարվել:

Գիտե՞ք այլ մեթոդներ, որ կօգնեն հաղթահարել սմարթֆոնային կախվածությունը, եթե այո, կիսվեք մեկնաբանությամբ: