Օքսֆորդի համալսարանի գիտնականները կարողացել են հաջողությամբ ավարտին հասցնել ակնագնդի առաջին վիրահատությունը, որը կատարվել է ռոբոտի օգնությամբ: Պրոֆեսոր Ռոբերտ Մաքլորենի թիմին հաջողվել է զգուշությամբ ակնագնդից հեռացնել 0,001 մմ հաստությամբ թաղանթը` օգտագործելով Robotic Retinal Dissection (R2D2) սարքը:
R2D2 ռոբոտը մշակել է գերմանական Preceyes BV ընկերությունը: Այն կարողանում է թափանցել աչքի մեջ բիբի կենտրոնից ու միլիմետրի ճշտությամբ գործողություններ անել ներսում:
«Ներկայիս լազերային տեխնոլոգիաներն ու մանրադիտակները կարող են հայտնաբերել աչքի հետ կապված խնդիրները, սակայն վիրաբույժի ֆիզիկական միջամտությունը ձեռքով անհնար է, անհրաժեշտ են շատ փոքր, նույնիսկ աչքի համար անտեսանելի գործիքներ»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է Մաքլորենը:
R2D2 սարքն առայժմ կլինիկական փորձարկումների է ենթարկվում: Առաջիկայում իրականացվելու են ևս 11 փորձեր: