Սառնարանը կազմում է գնումների ցուցակը, հայելին օգնում է աղջիկներին դիմահարդարվել, իսկ լուսամուտները հուշում են` ինչ հագնել` հաշվի առնելով եղանակը: Բարի գալուստ ապագայի տուն:
Խելացի տունը գիտի, որ դուք երեքշաբթի օրերին տուն եք վերադառնում մի փոքր ավելի շուտ, այդ պատճառով ժամանակին հասցնում է միացնել ջեռուցումը: Ընդ որում` դուք կարող եք սմարթֆոնի միջոցով հեռակա կառավարել տան ջերմաստիճանը, լուսավորությունը աշխատավայրից:
Խելացի տունը ճանաչում է նաև տան բնակիչների ձայները, այնպես որ տուն հասնելուն պես բավական է ասել` բացիր դուռն ու միացրու լույսը: Տունը ճանաչում է նաև խոսքի ինտոնացիան ու հստակ գիտի` տվյալ տոնով դիմում եք ձեր կնոջը, թե խոսում իր հետ:
Խոհանոց
Մեր տատիկների տեսանկյունից խոհանոցում միկրոալիքային վառարանի հայտնվելն արդեն իսկ տեխնոլոգիական հրաշք է: Արդեն մի քանի տարուց խոհանոցներում կհայտնվեն ռոբոտներ, օրինակ`Moley-ն կամ Care-O-bot-ը, որոնք կօգնեն խնայել ժամանակը:
2015-ին ներկայացվեց խոհանոցային սեղանի նախագիծ, որը կարողանում է ճանաչել մթերքները, հաղորդել դրանց կալորիականության մասին տվյալներ ու համապատասխան բաղադրատոմսեր առաջարկել:
Նման նախագծի իրականացումը սարերի հետևում չէ. արդեն հիմա շուկայում վաճառվում են ինտելեկտուալ ունակություններով ջեռոցներ, որոնք կարողանում են միանալ ու անջատվել հեռակա հրահանգով, իսկ օգտագործողը հնարավորություն է ունենում սմարթֆոնի էկրանից դիտել` ինչպես է հավը պատրաստվում:
Հասանք սառնարաններին. դրանք ավելի կոմպակտ և խելացի կդառնան: Դեռ 2010-ին կենցաղային դիզայնի մրցույթին Մեթյու Գիլբրայդը (Matthew Gilbride) ներկայացրեց մոդուլային խոհանոց, որտեղ դարակները միաժամանակ ծառայում են որպես սառնարան, գազօջախ ու օդորակիչ:
Սառնարանը կհետևի ձեր սննդակարգին, էլեկտրոնային նշումները կտեղեկացնեն մթերքների փչացած լինելու կամ դրանք լրացնելու մասին: Երկու օրը մեկ դուք հեռախոսով ծանուցում կստանաք անհրաժեշտ մթերքները գնելու մասին:
Ընդ որում` գնումներն կատարելը վաղուց հասանելի է օնլայն եղանակով. նման հնարավորություն տալիս է հայկական Cartly ստարտափը, որին արդեն անդրադարձել ենք:
Լոգասենյակ
Հայտնի ֆուտուրոլոգ Յան Պիրսոնը (Ian Pearson) կարծում է, որ 10–20 տարուց լոգասենյակում ավելի շատ սենսոր կլինի, քան ժամանակակից լաբորատորիաներում:
Օրինակ` փոքր գորգը կծառայի նաև որպես կշեռք, կչափի մարմնի ջերմաստիճանը, սրտի աշխատանքը և այլն: Ի դեպ, նման կշեռքներ արդեն կան վաճառքում:
Խելացի հայելին ոչ միայն կպատմի մարդու առողջական վիճակի մասին, այլև խորհուրդներ կտա խնամքի, դիմահարդարման ու սանրվածքի վերաբերյալ: Նման հայելու նախատիպը ներկայացվել է CES-2015 ցուցահանդեսին:
Ապագայում ավելի մեծ ուշադրություն կդարձվի էկոլոգիային: Արդեն իսկ կան սարքեր, որոնք հետևում են ջրի քանակի օգտագործմանը: Ապագայում այս գործընթացները կավտոմատացվեն: Ապագայի համակարգերը կկարողանան լողանալիս այնքան ջուր ապահովել, որքան բավարար է, օրինակ, գլուխը լվանալու համար: Ընդ որում` օգտագործված ջուրը կվերամշակվի:
Որոշ զուգարանակոնքեր, հատկապես ճապոնականները կվերածվեն «պոլիկլինիկայի»` զգուշացնելով հնարավոր վտանգների մասին:
Հյուրասենյակներ
Մոռացեք մեծ բազկաթոռների ու բազմոցների մասին. ամբողջ կահույքը կլինի թեթև, կոմպակտ ու բազմաֆունկցիոնալ: Մի քանի վայրկյանում սեղանը կվերածվի սուրճի սեղանի, այնուհետև բազմոցի կամ էլ պահարանի:
Երբ սկսեք հյուրասենյակում ընթրել, արհեստական ինտելեկտը համապատասխան լուսավորություն կապահովի և ֆիլմ կմիացնի: Այն հոգ կտանի նաև ձեր քնի մասին` միացնելով օդորակիչը, փակելով վարագույրները և այլն:
Ինչ վերաբերում է պատուհաններին, ապա դրանց թիվը կմեծանա, իսկ ապակիները կծառայեն որպես էկրաններ: Kaleva ընկերության MeteoGlass ապակիներն, օրինակ ցույց են տալիս եղանակը: Լուսային ինդիկատորը երևում է ցանկացած լուսավորության պայմաններում: