DigiWeek-ի շրջանակներում տեղի կունենան ENOG 12 և ArmIGF 2016 միջոցառումները

Online shopping

«DigiWeek» թվային տեխնոլոգիաների շաբաթ» խորագրի ներքո սույն թվականի հոկտեմբերի 3-5 տեղի կունենան ENOG 12 և ArmIGF 2016 միջոցառումները, որոնց ակնկալվում է բարձրաստիճան պետական այրերի, տեղական և արտասահմանյան ընկերությունների, ինչպես նաև ոլորտի զարգացման կազմակերպությունների ղեկավարների և փորձագետների մասնակցությունը։

Հոկտեմբերի 3-4-ը կանցկացվի Եվրասիական ցանցային օպերատորների խմբի ֆորում՝ ENOG 12 (www.enog.org): Միջոցառումը նախատեսված է ինչպես Ինտերնետի ոլորտում գործող փորձագետների, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են Ինտերնետի աշխատանքի կարգավորման, զարգացման և կառավարման ոլորտներում: Ֆորումի շրջանակներում մոտ 300 մասնակից տասնյակ երկրներից հնարավորություն կստանան կիսվել իրենց փորձով և գիտելիքներով, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանին: Գրանցված մասնակիցները ներկայացնելու են Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Իրանը, Նիդերլանդները, Ղազախստանը, ԱՄՆ-ն, Չեխիան, Բուլղարիան, Հունգարիան, Հնդկաստանը, Եգիպտոսը, Լեհաստանը, Հորդանանը, Ռումինիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը և այլ երկրներ։

Միջոցառումը կազմակերպվում է RIPE NCC միջազգային կազմակերպության կողմից (www.ripe.net), ընդունող կողմն է ԱՐՄԻՔՍ հիմնադրամը (www.armix.am), միջոցառման վայրը՝ Մարիոթ Արմենիա հյուրանոցային համալիր։ Միջոցառման բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին ժ․ 15:00: Բացման արարողությանը ելույթներով հանդես կգան ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, RIPE NCC գործադիր տնօրեն Աքսել Պավլիկը, Արմիքս հիմնադրամի տնօրեն Վահան Հովսեփյանը։ Ակնկալվում է նաև ՀՀ Վարչապետի ներկայությունը։

Հոկտեմբերի 5-ին կանցկացվի Ինտերնետ կառավարման ֆորումը ArmIGF 2016 (armigf.am): Ֆորումի հիմնական նպատակն է վեր հանել և քննարկել Ինտերնետ կառավարման, ենթակառուցվածքների զարգացման, և բովանդակության հետ կապված խնդիրները: Միջոցառման կազմակերպիչներ են Ինտերնետ Կառավարման հանձնաժողովը (www.igf.am), Ինտերնետ Հանրությունը (www.isoc.am)՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության (www.mtc.am) աջակցությամբ: Միջոցառման վայրն է Էլիտ պլազա բիզնես կենտրոնը: Բացման արարողությունը տեղի կունենա ժ 09:30՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի մասնակցությամբ։