Ուսուցողական դասընթաց` «Eurasia Mobile Challenge» մրցույթի մասնակիցների համար

Beeline-ը կկազմակերպի մեկօրյա ուսուցողական դասընթաց «ՎիմպելԿոմ»-ի կողմից իրականացվող «Eurasia Mobile Challenge» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցների համար։

Դասընթացի շրջանակում, որը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տեղական և միջազգային փորձագետները հանդես կգան ելույթներով թվային տեխնոլոգիաների, նորարարության և ձեռնարկատիրության վերաբերյալ: Բացի այդ մրցույթում գրանցված թիմերի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ներկայացնելու, փորձագետների հետ քննարկելու և կատարելագործելու բջջային տեխնոլոգիաների ոլորտում նոր լուծումներ առաջարկող իրենց գաղափարները: Դասընթացին կարելի է գրանցվել հետևյալ հղումով` https://goo.gl/fNW3TJ :

«Eurasia Mobile Challenge»-ը երկրորդ տարին է, ինչ իր շուրջն է համախմբում տեղեկատվական ոլորտի փորձագետներին և երիտասարդ ձեռնարկատերերին` դառնալով փորձի փոխանակման հիանալի հարթակ վերջիններիս համար: Այս տարի մրցույթի շրջանակում հայ երիտասարդների կողմից ներկայացվել են բավականին հետաքրքիր և նորարար ծրագրեր, որոնք կարող են դառնալ հաջորդ նշանակալի իրադարձությունը բջջային տեխնոլոգիաների ոլորտում, իսկ այս դասընթացն իր հերթին կօգնի մասնակիցներին ավելի կատարելագործել և պատշաճ կերպով ներկայացնել դրանք մրցույթի հետագա փուլերում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Մրցույթի հաջորդ փուլում յուրաքանչյուր երկրից կընտրվի երեքական մասնակից, ովքեր կմասնակցեն տարածաշրջանային կիսաեզրափակիչին: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ (համապատասխանաբար 20 000, 15 000 և 10 000 ԱՄՆ դոլար), սարքավորումներ և լիարժեք վճարվող ուղեգիր` մասնակցելու Global Mobile Challenge մրցույթին, որը տեղի կունենա Բարսելոնում` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում:

«Eurasia Mobile Challenge» մրցույթն իրականացվում է «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում և նպատակ ունի աջակցել երիտասարդներին իրականություն դարձնել իրենց գաղափարներն` օգտագործելով թվային տեխնոլոգիաները։
«Eurasia Mobile Challenge» մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ eurasiamobilechallenge.com կայքում: