Երևանում գործում է արդեն «ԵրևանԷն» (YerevaNN) շահույթ չհետապնդող, գիտելիք հետապնդող հետազոտական լաբորատորիան, որտեղ մասնագետները զբաղվում են մեքենայական ուսուցման (machine learning) խնդիրներով:
Այս պահին լաբորատորիայում աշխատում են Տիգրան Գալստյանը, Կարեն Համբարձումյանը և Հրայր Հարությունյանը: Հիմնական հետազոտական ուղղություններն են պատկերներ գեներացնող ալգորիթմների (generative models) ուսումնասիրությունը, բնական լեզվի մշակման (natural language processing) գործիքների ադապտացումը հայերենին և բժշկական տվյալների բազաների անալիզը նեյրոնային ցանցերի միջոցով:
«ԵրևանԷն» գիտակրթական հիմնադրամի նպատակներից են արհեստական ինտելեկտի վերաբերյալ բարձրակարգ հետազոտությունների խթանումը և մեքենայական ուսուցման ու հարակից թեմաների որակյալ դասավանդումը Հայաստանում: Հիմնադրամն ունի նաև հոգաբարձուների խորհուրդ, ինչպես նաև համագործակցում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Ինֆորմացիոն համակարգերի ինստիտուտի հետ: