Դոմ-Դենիել ընկերությունը և Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակը, ՀՀ կենտրոնական բանկի ու ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի արաջկցությամբ, նախաձեռնել են Fintegration հեքաթոն, որն ուղղված է ֆինանսաբանկային և ՏՏ ոլորտների համագործակցության հետագա ինտեգրմանն ու զարգացմանը։
«Fintegration հապավումն առաջացել է ֆինանսներ, տեխնոլոգիա և ինտեգրացիա բառերի համադրումից»,- պարզաբանել է Դոմ-Դենիել ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանը,- «Եվ այս համադրումը լավագույնս ներկայացնում է միջոցառման նպատակը»։
Տեխնոլոգիական այս հնգօրյա մարաթոնը կազմված է երկու փուլից։ Հոկտեմբերի 25-26-ը հեքաթոնը մեկնարկեց մասնակցության հայտ ներկայացրած ծրագրավորողների, դիզայներների, մենեջերների, ինչպես նաև ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների համար կազմակերպված հատուկ դասընթացներով, որոնք անցկացրին Մայքրոսոֆթի գլխամասային գրասենյակի մի խումբ առաջատար մասնագետները՝ Միկալ Զելինսկին, Մաքս Զիլբերմանը, Թոմաս Կոնտեն, Քեյլ Թիթերը և Լուիս Գերերո Գուրադոն։
«Հայաստանը կարևոր շուկա է Մայքրոսոֆթի համար։ Եվ դրա լավագույն ապացույցը թրեյնինգն անցկացնող մասնագետների կազմն է։ Ի լրում այս օրերի դասընթացավարների՝ այսօր Երևան կժամանեն Մայքրոսոֆթի Մուլթի Քաունթրի Յուրոփ տարածաշրջանի ղեկավար Մայքլ Կոգելերը և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի ռազմավարական տեխնոլոգիաների ղեկավար Ալեքսանդրը Լոժեչկինը, ովքեր նաև ընդգրկված են հեքաթոնի ժյուրիի կազմում»,- ասել է Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիանա Կորկոտյանը:
Դասընթացների վերջին օրը՝ հոկտեմբերի 27-ին, Կենտրոնական բանկի և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի մասնագետները ներկայացրին հայաստանյան ֆինանսատնտեսական շուկան, առկա ֆինանսաբանկային լուծումներն ու գործիքները, ինչպես նաև նախանշեցին այն ոլորտները, որտեղ հատկապես կարևորում են ֆինանսաբանկային և ՏՏ ոլորտների համագործակցությունը և ակնկալում նոր լուծումներ:
«Կենտրոնական բանկը մեծապես կարևորում է նմանատիպ միջոցառումների անցկա-ցումը, քանի որ ֆինանսական տեխնոլոգիաների կիրառությունը մեծացնում է ֆինանսական կազմակերպությունների արդյունավետությունը՝ միաժամանակ հեշտացնելով ֆինանսական ծառայություններից օգտվողների «կյանքը»»,- ասել է ՀՀ կենտրոնական բանկի սպառողների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի կոորդինատոր Սևակ Միքայելյանը:
«Նմանատիպ միջոցառումներն, անխոս, շատ կարևոր և ողջունելի են: Այս ուղղությամբ շարժվելով՝ մենք կկարողանանք ձևավորել մրցունակ ՏՏ ոլորտ, ինչը կարող է լրացուցիչ արժեք ստեղծել ոչ միայն ֆինանսական հատվածի, այլև ողջ տնտեսության համար»,- ասել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը: Հոկտեմբերի 28-29-ը Դիլիջանում կկայանա հեքաթոնի ամփոփիչ փուլը՝ բուն հեքաթոնը: Ընտրված 25 թիմերը 18-ժամյա հեքաթոնի ընթացքում, օգտագործելով Microsoft-ի BlockChain, Cognitive Services, Cortana Analytics և Bot Framework առաջադեմ տեխնոլոգիական հարթակները և թրեյնինգների ընթացքում ձեռք բերած գիտելիքները, պետք է նորարարական լուծումներ, ծրագրեր և նախագծեր ստեղծեն ու մշակեն, դրանք ներկայացնեն ժյուրիի, ինչպես նաև ֆինանսաբանկային ոլորտի հրավիրված ղեկավարների դատին:
«Ակնկալում ենք հիրավի արժեքավոր նախագծեր, որոնցից լավագույնները կարժանանան հատուկ դրամական մրցանակների համապատասխան անվանակարգերում՝ «Պարզապես լավագույնը»՝ 610000, «Տեխնոլոգիական առաջընթաց»՝ 377000, «Իսկապես ստեղծագործական»՝ 233000 դրամ մրցանակներով: Միևնույն ժամանակ հեքաթոնը նաև նոր ծանոթությունների, գիտելիքների, համատեղ, խմբային աշխատանքի, ինչու ոչ, նաև սեփական ունակությունների ու տաղանդի ցուցադրման լավագույն հնարավորությունն է»,- նշել է Արտաշես Քալանթարյանը: