Հայաստանի առաջատար օպերատորներից մեկի՝ Beeline-ի բաժանորդները սոցցանցերի հաշիվ մուտք գործելու համար կարճ համարով հաղորդագրություններ չեն ստանում: Սա առաջացրել է բազմաթիվ օգտատերերի դժգոհության ալիք, քանի որ ծառայության կասեցման մասին նախապես չի զգուշացվել: Այժմ սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր չեն կարողանում մուտք գործել Facebook-ի և Twitter-ի հաշիվներ: Նշենք, որ Twitter-ի դեպքում կարճ համարով հաղորդագրությունները երկփուլային մուտքի համար միակ տարբերակն է:
Թեև Beeline-ի պաշտոնական պարզաբանման մեջ նշվում է, որ խնդիրը զուտ տեխնիկական է և կապված է միայն Twitter-ի հետ է և մնացած բոլոր սոցցանցերից բաժանորդները ստանում եմ կարճ հաղորդագրություններ, սակայն շատ օգտատերեր ահազանգում են, որ դեռ չեն կարողանում մուտք գործել հաշիվներ, քանի որ չեն ստանում կարճ հաղորդագրություններ:
Արդյունքում մի շարք օգտատերեր, ովքեր սոցցանցերի միջոցով նաև իրենց բիզնես հարաբերություններն ու բիզնես առաջխաղացումն են իրականացնում կանգնել են մեծ խնդրի առաջ: Թե երբ այս խնդիրը կկարգավորվի հայտնի չէ: Հստակ ժամկետ պարզաբանման մեջ չի նշվում: