Երևանը որպես «Խելացի քաղաք» պիլոտային ծրագրի իրականացմանն ուղղված՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարության և «Հուավեյ թեքնոլոջիս» (Huawei Technologies) ընկերության միջև փետրվարի 13-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր:
itTrend-ը պարզել է և ներկայացնում է՝ մասնավորապես ի՞նչ է նախատեսվում այս հուշագրով, ո՞ր ուղղություններով է տարվելու համագործակցությունը և ինչպիսի՞ տեխնոլոգիաներ են կիրառվելու ՏՏ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ընկերության կողմից: Ի՞նչ է առաջարկում Huawei Technologies ընկերությունը Երևանին:
Այսպիսով, կիրառվելու է Huawei Technologies ընկերության Safe City բարձր-տեխնոլոգիական լուծումը, որը թույլ է տալիս`
- Ստեղծել ընդհանուր վիդեոդիտման ցանց և ապահովել դրան մուտք ցանկացած կետից, նեռարյալ օպտիկա, WLAN և eLTE.
- Վիդեոդիտման համակարգը միացնել այլ պահպանման համակարգերին` օրինակ պաշտպանիչ ազդասարքերին, հակահրդեհման, պայթուցիկների հայտնաբերման և այլ համակարգերին, ինչը թույլ է տալիս կոնկրետ օբյեկտի մասին հավաքել սպառիչ տեղեկատվություն:
- Ստեղծել վիդեոնյութերի cloud, ինչը հեշտացնում է հետագա որոնումը:
- Ստեղծել կոնվերգենտ ղեկավարման կենտրոն: Սա էլ թույլ է տալիս ապահովել տարբեր կառույցների համագործակցության դյուրայնությունը և բարձրացնում ԱԻ կառույցների արձագանքման արդյունավետությունը:
- Ստեղծել անվտանգության համակարգերի շարժական ցանց: Տվյալ դեպքում կիրառվելու է Bring Your Own Device (BYOD) լուծումը:
- Ներդնել ինտելեկտուալ վերլուծության համակարգ, որն իրականացնում է տեղեկատվության հավաքագրում և հետագա վերլուծություն` ըստ տրված խնդրի:
- Ապահովել տեսանյութերի պաշտպանական համակարգ` հնարավոր կորստից, չարտոնված մուտքի փորձերից կամ DDos-երից խուսափելու նպատակով:
itTrend-ի հետ զրույցում Huawei Mobile Armenia-ի ներկայացուցիչ Տաթև Սարգսյանը նշեց, որ ծրագիրը շատ ծավալուն է և ավարտի վերջնաժամկետ նախանշել դեռևս չի կարող. «Հուշագիրը նոր է ստորագրվել: Ժամկետների քննարկումները նոր են մեկնարկել: Նախնական պայմանավորվածությունները արդեն ձեռք բերված են: Այժմ քննարկվում է տվյալ համակարգի փուլային ներդնումը Երևան քաղաքում: Ավել մանրամասն տեղեկատվություն կկարողանանք հայտնել ավելի ուշ»:
Ներկայումս, աշխարհի ավելի քան 2500 մեծ և փոքր քաղաքներ զինվել են այդ կոնցեպտով և փորձում են իրականություն դարձնել այն:
Նշենք, որ «Խելացի քաղաք» ծրագրի հայեցակարգը մշակվել է Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համագործակցությամբ իրականացվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն աղետների ռիսկի նվազեցման գործընթացում» ծրագրի շրջանակում, որի նպատակն է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ քաղաքային տնտեսության կառավարման գործընթացում աջակցել քաղաքի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը:
Նունե Գրիգորյան