Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատմել է իր ամենամեծ տապալման մասին

Ալեքսիս Օհանյանը պատմել է իր կարիերայի ընթացքում ամենամեծ անհաջողության մասին: Սիլիկոնյան հովտի ամենահեղինակավոր աքսելերատորներից մեկի`Y Combinator-ի մերժումը ամենադժվար հաղթահարելին է եղել Ալեքսիսի համար: Սակայն դա դեռ որոշիչ չէր նրա կյանքում: Ըստ նրա՝  դա լավագույնն է, ինչ պատահել է իր կարիերայում: Այս մասին Ալեքսիսը պատմել է լսարանի հարցուպատասխանի ընթացքում SXSW Conference and Festivals-ի ժամանակ:

Y Combinator-ի աքսելերացիոն ծրագրով հաջողության են հասել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Airbnb-ին, Dropbox-ը և Stripe-ը:

2005թ. Ալեքսիսը և Սթիվ Հոֆմանը աշխատում էին սնունդ պատվիրելու համար նախատեսված հավելվածի՝ My Mobile Menu-ի վրա: Այդ ժամանակ դեռ iPhone չէր թողարկվել և չկային ժամանակակից սմարթֆոններ, ուստի գաղափարը իրատեսական չէր և նրանք մեժվեցին:

«Նրանք ավելի խելացի էին մեզնից և ասացին. «ոչ, ոչ դեռ վաղ է, մի արեք դա»: Նրանք մերժեցին մեզ»,- ասել է Ալեքսիսը:

Հաջորդ օրը Y Combinator-ի համահիմնադիր, հայտնի ներդրող Փոլ Գրահամը զանգահարել է Օհանյանին և ասել, որ դեռ ատում է գաղափարը, բայց այնքան է հավանել նրանց երկուսին, որ ցանկացած այլ գաղափարի դեպքում պատրաստ է ներդրում կատարել:

Այսպիսով, Ալեքսիսի ու Սթիվի հաջորդ գաղափարը Reddit-ն էր և Y Combinator-ը տրամադրեց 12,000 դոլար: Ներկայումս Reddit-ն ունի ամսական շուրջ 280 մլն. ակտիվ օգտատեր: Մերժումը, որ թվում էր  ամենամեծ տապալումն է, դարձել է հաջողակ սկիզբ, որը հիմնովին փոխել է Ալեքսիսի կյանքը: