Ախթալայում տեխնոլոգիական կրթությանն ուղղված ծրագրեր կիրականացվեն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ախթալայի քաղաքապետարանի միջև կնքվել է  համագործակցության հուշագիր Ախթալա քաղաքում տեխնոլոգիական կրթության և բիզնեսի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:  Համագործակցության հուշագիրը ստորագրել են Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանն ու ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

Այս համագործակցությամբ կողմերը կհամատեղեն իրենց ջանքերը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման, մասնագիտական կրթության  և ձեռներեցության զարգացման ծրագրեր իրականացնելու նպատակով անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու համար:

Կողմերը կարևորել են, որ տեխնոլոգիական կրթությունը լուրջ մրցակցային առավելություն է ստեղծելու Ախթալայի և հարակից բնակավայրերի համար:  Այս համագործակցությամբ կստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ Ախթալան որպես «Սմարթ քաղաք»  դիրքավորելու համար: