Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներկայացուցչական գրասենյակներ են բացվել 4 երկրում

ASTC (Armenian Science & Technology Center) ծրագրի շրջանակներում 4 երկրներում` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում ու Բոլիվիայում, բացվել են ներկայացուցչական գրասենյակներ: ASTC  ծրագիրը նախատեսվում է ներդնել ընդհանուր առմամբ 17 երկրում:

Մայիսի 21-28-ը Հայաստան կժամանի առաջին պաշտոնական պատվիրակությունը Բոլիվիայից: Պատվիրակության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան հայաստանյան գործընկերների հետ` հուշագրեր ստորագրելու նպատակով: Արդեն կազմվել է 30 մասնագետներից բաղկացած երկու խումբ, որոնք կաշխատեն Հայաստանում և արտերկրում:

Հանդիպումներ տեղի կունենան նաև TSD ընկերության հետ` հայկական հեռախոսների ու պլանշետների ներմուծման վերաբերյալ և ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների հետ`ապրանքատեսականու ներմուծմանն առնչվող պայմանագրեր ստորագրելու, համագործակցության նոր նախաձեռնություններ քննարկելու համար:

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև կնքված  «ՏՏ, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագրի համաձայն: