WannaCry վիրուսը տարածած հաքերներն ավելի քան 42.000 դոլար են ստացել

Մայիսի 12-ի երեկոյան ամբողջ աշխարհում գրանցվել է WannaCry վիրուսի օգնությամբ համակարգիչների վրա հարձակման 50 հազար փորձ: Հաքերները փորձել են հարձակվել 74 երկրներում համակարգիչների վրա, հարձակումների մեծ թիվ գրանցվել է Ռուսաստանում:

Աշխարհի 150 երկրի հարյուր հազարավոր բնակիչներին վնաս պատճառած կիբեռհարձակումը կատարողներն ավելի քան 42.000 դոլար են ստացել, սակայն կիբեռհարձակման զոհ դարձածների ուղարկած գումարները շարունակում են հաշվեհամարներին մնալ: Հաքերային հարձակման զոհ է դարձել 200.000 մարդ՝ աշխարհի 150 երկրում: Ուժային կառույցները շարունակում են հետևել 3 առցանց հաշիվներին, որոնց վրա հաքերային հարձակումից տուժածները բիթքոինների տեսքով գումար են ուղարկել:

WannaCrypt0r 2.0 վիրուսակիր ծրագրի միջոցով օգտատերերը ստիպված են եղել գումար փոխանցել հաշիվներին: 7 օրվա ընթացքում գումարը չփոխանելու դեպքում՝ վիրուսը կոչնչացնի համակարգչում եղած բոլոր ֆայլերը՝ անվերադարձ կոդավորելով դրանք: Գումարի փոխանցումը 2 օր ուշացնելու դեպքում սպառնում  են վճարը կրկնապատկել:

Ըստ մասնագետների՝ վիրուսն առավել ակտիվ տարածվում է Ռուսաստանում, Ուկրաինայում և Թայվանում: Կիբեռհարձակումը դեռևս շարունակվում է և WannaCry-ի նոր ալիք է բարձրացել մի շարք ասիական երկրներում: Օրինակ, Չինաստանում հարձակումից տուժել է հարյուր հազարավոր համակարգիչ՝ մոտ 30 հազար համալսարաններում և այլ կրթական հաստատություններում:

Ավելի վաղ Microsoft ընկերության նախագահ Բրեդ Սմիթը իր բլոգում գրել է, որ WannaCry վիրուսի տարածումը ավելի շատ կապված է ոչ թե ուղորդված հարձակումների հետ, այլ  պատասխանատվությունը ինչ-որ չափով նաև տարբեր երկրների կառավարությունների և հատուկ ծառայությունների վրա է, քանի որ նրանց հավաքագրած տվյալները, հաքերներն օգտագործում են կիբեռհարձակումների համար:

Նշենք, որ վիրուսն աշխատում է միայն Windows համակարգում, այն օգտագործում է օպերացիոն համակարգի խոցելությունը, կուրորեն տարածվում է և վարակում բոլոր նրանց, ովքեր պաշտպանված չեն: Այս խոցելիությունը Microsoft-ը շտկել էր դեռևս մարտին: Ընկերությունը թողարկել էր ՕՀ-ի թարմացում, որը ավտոմատ կերպով գործարկվել էր օգտատերերի համակարգիչներում: Բոլոր նրանց, ում ՕՀ-ն թարմացվել է այս վիրուսը չի սպառնում: Որոշ օգտատերերի մոտ և ընկերություններում թարմացումը ավտոմատացված չէ և հաստատման դեպքում է միայն գործարկվում: Պարզ է, որ ՕՀ-ն չթարմացնելն է խնդիրներ առաջ բերել: