Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա․ հաղթողը կմեկնի Կոստա Ռիկա

Հուլիսի 11-ին Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամի կողմից արդեն 2-րդ անգամ կանցկացվի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը։

Այս տարի մրցույթին կմասնակցի 7 թիմ Երևանից և մարզային տարբեր դպրոցներից: Թիմերը նախ կմրցեն նախընտրական փուլերում, ապա կշարունակեն պայքարը եզրափակչում։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլում հաղթած թիմը նոյեմբերին կմեկնի Կոստա Ռիկա՝ մասնակցելու միջազգային փուլին և ներկայացնելու Հայաստանը։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի անցկացումը նպատակ ունի միավորելու աշխարհի դպրոցահասակ երեխաներին ու երիտասարդներին ռոբոտաշինության շուրջ և զարգացնելու նրանց ստեղծարարությունը, նախագծելու և խնդիրներ լուծելու հմտությունները` կրթական հետաքրքիր մրցույթի միջոցով։

Միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2004 թ.-ին, և նրան մասնակցել է 12 երկրից 4000 թիմ։ Այսօր ՌՀՕ-ին մասնակցում է 54 երկրի ավելի քան 21700 թիմ: