Ի՞նչ սպասել Apple-ի պրեզենտացիայից

Apple-ի պրեզենտացիային մնացել են հաշված ժամեր: Միջոցառումը կանցնի ընկերության նորաբաց Apple Park կենտրոնում՝ Սթիվ Ջոբսի անվան լսարանում: Ի՞նչ կներկայացնի ընկերությունը, ի՞նչ նորույթներ կտեսնենք. ենթադրությունները և պտտվող խոսակցությունները չեն դադարում: Ներկայացնում ենք այն ամենն, ինչ հայտնի է նախքան պրեզենտացիան:

Սովորաբար Apple-ի աշնանային պրեզենտացիան չի սահմանափակվում միայն մեկ նոր iPhone-ով և ամենայն հավանականության այս անգամ էլ ավանդույթնը չի խախտվի: Սպասվում է, որ բացի սմարթֆոնների նոր շարքից, ընկերությունը կցուցադրի Apple Watch-ի և Apple TV-ի թարմացված տարբերակները: Հաշվի առնելով այն փաստը, որ սա 10-րդ հոբելյանական iPhone-նն է և առաջին միջոցառումը Apple Park-ում, գուցե լինեն հաճելի և յուրահատուկ անակնկալներ ընկերության երկրպագուների համար:

iPhone X

iPhone սմարթֆոնի ամենակատարելագործված մոդելը կկոչվի iPhone X ու կարժենա ավելի քան 1.000 դոլար: Դրան կից կներկայացվեն նաև iPhone 8 և iPhone 8 Plus մոդելները: Home կոճակը անտեսանելի կդառնա: Կենսաչափական սենսորին կփոխարինի Face ID-ն՝ դիմագծերով նույնականացումը եռաչափ դիմային տեսախցիկի միջոցով, որը կարող է օգտագործվել նաև ավտորիզացիայի և վճարումների հաստատման համար:

Ալյումինե կորպուսից անցում կկատարվի ապակե կորպուսի, ինչպես Սթիվ Ջոբսի ներկայացրած վերջին սմարթֆոնի՝ iPhone 4/4s-ի դեպքում է: Շրջանակը մետաղական կլինի: Այս հատկանիշները հնարավոր կդարձնեն երկար սպասված անլար լիցքավորումը: Ըստ տարածված շշուկների՝ սմարթֆոնը կլիցքավորվի նույն արագությամբ, ինչպես որ սվորական հաղորդալարով: Նորույթը կաշխատի A11 պոցեսորով:

Կանխատեսվում է, որ iPhone X-ը կունենա կրկնակի տեսախցիկ՝ ուղղահայաց ձևով տեղակայված օբյեկտիվով և օպտիկական ստաբիլիզացիայի հնարավորությամբ:

Փորձագետների գնահատմամբ՝ այս հնարավորություններով սմարթֆոնի գինը կսկսի 1000 դոլարից: Հնարավոր է թողարկվեն միայն 128 և 256 Գբ հիշողությամբ տարբերակներ:

iPhone 8 և 8 Plus

Նախորդ սերնդի կատարելագործված տարբերակները կանվանվեն iPhone 8 և iPhone 8 Plus՝ 7s/7s Plus-ի փոխարեն: Դրանք օժտված կլինեն արդեն իսկ մեզ ծանոթ ֆունկցիաներով, փոփոխությունները այնքան էլ շատ չեն լինի: Գուցե դրանք նույնպես թողարկվեն ապակե կորպուսով:

Նոր Apple Watch

Կներկայացվի նաև նոր գործառույթներով Apple Watch: Կարդինալ փոփոխությունների կարելի է չսպասել, գլխավոր տարբերությունը կլինի զանգեր կատարելու հնարավորությունը: Այժմ ընկերության «խելացի» ժամացույցը՝ Apple Watch-ը, թույլ է տալիս միանալ iPhone-ին ու հաղորդագրություններ ուղարկել, երաժշտություն լսել, օգտվել քարտեզային ծառայությունից: Բջջային զանգեր կատարելու հնարավորությունը նորույթ է: Apple Watch Series 3-ը կթողարկվի 2 նոր գունային տարբերակով՝ ոսկեգույն և արծաթագույն:

Apple TV

Եթե հավատանք շրջանառվող խոսակցություններին, ապա կարող ենք տեսնել 5-րդ սերնդի Apple TV՝ A10X Fusion չիպով, 3 Գբ հիշողությամբ:

Բացի այս ամենը Apple-ը կհայտնի watchOS-ի, tvOS-ի և macOS-ի թարմացման մասին: Պարզ կլինի iOS 11-ի գործարկման օրը, վերջերս տարածված խոսակցությունների համաձայն հնարավոր կլինի խմբագրել ամինացիոն էմոջիները՝  դրանց էմոցիաներ հաղորդել: Նոր մանրամասների կարելի է սպասել նաև iMac Pro-ի և HomePod-ի վերաբերյալ, որոնք կհայտվեն շուկայում այս դեկտեմբերին: Ընկերության մշակած լրացված իրականության ARkit հարթակը նույնպես կունենա իր աստղային ժամը: